Հայաստանում արդեն գործում են հայկական «Բարվա» ընկերության<br /> արտադրության 12 հակակարկտային կայանքներ<br />


Հայաստանում արդեն գործում են հայկական «Բարվա» ընկերության
արտադրության 12 հակակարկտային կայանքներ

  • 27-02-2009 22:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում արդեն գործում են «Բարվա» ընկերության արտադրության «Զենիթ» կոչվող 12 հակակարկտային կայաններ: Պետական ծրագրով նախատեսվում է երկրում տեղակայել մինչեւ 1 000 հակակարկտային կայաններ: Այս մասին փետրվարի 27-ին, կլիմայի փոփոխությանը եւ ածխածնային արտանետումների ցածր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի ժամանակ հայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխավոր տնօրեն, «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը: Նրա խոսքերով, Հայաստանում կան տարեկան մինչեւ 200 հակակարկտային կայաններ արտադրելու եւ տեղակայելու հնարավորություններ: Մասնավորապես, «խոշոր հողատերերն այս տարի պատվիրելու են 7-8 կայաններ»: Նշվեց, որ «Զենիթ»-ը նախկինում կիրառվող եւ հրետանային բնույթ ունեցող հակակարկտային համակարգերի համեմատ էկոլոգիապես անվտանգ է, որովհետեւ նախկին համակարգերի արկերում կիրառվում էր արծաթի յոդիդ. արծաթը եւ յոդը ծանր մետաղներ են: Ա.Վարդանյանը պարզաբանեց, որ «Զենիթ»-ի հիմքում դրված է հեղուկ ացետիլենի պայթյունից առաջացած մոտ 5 տոննա ուժգնությամբ ակուստիկ հարվածային ալիքի գեներացումը: Ալիքը կարող է հասնել մթնոլորտի 10-11 կմ բարձրության վրա գտնվող շերտերը: Հարվածային ալիքի ներսում ճնշումը հասնում է 1 000 մթնոլորտի, իսկ ջերմությունը` մինչեւ 2 000 աստիճան ըստ Ցելսիուսի: Ալիքը տարածվում է 1 000-1 500 մ/վրկ արագությամբ եւ մոտ 1 կմ շառավղով հալեցնում է սառույցի բյուրեղները, որոնք, խոշորանալով, պետք է դառնային կարկուտ: Համակարգը կառավարվում է օդերեւութաբանական ռադարով (որոշում է կարկտաբեր ամպերի կոորդինատներն ու բարձրությունը) եւ GPRS շարժական ինտերնետ կապի միջոցով: Մեկ ռադարով կարելի է կառավարել 100 կմ շառավղով տեղակայված կայաններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կարկուտից պաշտպանել 100 հեկտար տարածք: Համակարգի մշակման վրա աշխատել են ծանր մեքենաշինության, քիմիայի, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, ծրագրավորման բնագավառների գիտնականներ: «Զենիթ»-ի մշակումն իրականացվել է ռազմական տեխնիկայի հուսալիության ապահովման ստանդարտներին համապատասխան, ինչն ընձեռել է շահագործման 20 տարվա ժամկետ սահմանելու հնարավորություն: Ըստ Ա.Վարդանյանի, «Զենիթ»-ի մշակման համար կիրառվել են շատ նորամուծություններ, համակարգը ստացել է ՀՀ արտոնագիր: Նա ընդգծեց, որ 2007-08թթ.-ին Շիրակի դաշտում «Բարվա»-ի 6 հակակարկտային կայանները կիրառվել են գրեթե 100%-անոց արդյունավետությամբ, այն տեպքում, երբ նախկինում այդտեղ տարեկան մինչեւ 17 անգամ կարկուտ է տեղացել: «Զենիթ» համակարգեր են արդեն գործում նաեւ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, 2009թ.-ին դրանք կտեղակայվեն նաեւ Արարատի մարզում: Ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ այլ մարզերի պարագայում, կայանները կտեղակայվեն Թուրքիային սահմանակից տարածքներում, քանի որ կարկտաբեր ամպեր քշող քամիները Հայաստան են ներխուժում մեծամասամբ այդ երկրից: «Բարվա»-ի նախագահը հավելեց, որ հակակարկտային միջոցառումների չիրականացման պայմաններում կարկուտների հետեւանքով Հայաստանի գյուղատնտեսության կրած միջին տարեկան վնասը կազմել է 60-70 մլն դոլար, այն դեպքում, երբ ամբողջ երկրով մեկ հակակարկտային կայանների տեղակայման ծրագրի արժեքը 30 մլն դոլար է: Մեկ կայանի արտադրության եւ տեղադրման գինը մոտ 9 մլն դրամ է (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)` 20% շահութաբերության հաշվարկով: Նա հայտնեց, որ «Զենիթ»-ն օժտված է նաեւ անձրեւաբեր հատկությամբ, որն ունի խորն ուսումնասիրության կարիք: Նշվեց նաեւ, որ ներկայումս մշակվում է նաեւ ցրտահարությունից բույսերի պաշտպանության տեխնոլոգիա: Ա.Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում հակակարկտային նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի գյուղատնտեսական ապահովագրական ծառայությունների ներդրմանը, քանի որ կարկուտի ռիսկերը, գյուղատնտեսական այլ ռիսկերի համեմատ, ավելի մեծ են: Նրա տվյալներով, բացի «Զենիթ» կայաններից, ներկայումս Հայաստանում տեղակայված են արգենտինյան արտադրության 30 հակակակրկտային կայաններ: «Բարվա»-ն իր հակակարկտային կայանքների արտահանման հետ կապված աշխատանքներ է տանում Վրաստանի, Լիբանանի, Իրանի հետ: Սեմինարին մասնակից ՀՀ Բնապահպանության նախարարության` Կլիմայի փոփոխության միջազգային կոնվենցիայի իրականացման պատասխանատու Արամ Գաբրիելյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով նախատեսվում է սկսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցություն բնական վտանգավոր երեւույթների վաղ ազդարարման բնագավառում, ինչը կնպաստի կարկտաբեր ամպերի ավելի վաղ հայտնաբերմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play