Համաշխարհային բանկը եւս 35 միլիոն դոլար կրամադրի Հայաստանին<br />


Համաշխարհային բանկը եւս 35 միլիոն դոլար կրամադրի Հայաստանին

  • 27-02-2009 17:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկը յայտարարել է, որ պարզեցուած համակարգով առաջին օժանդակությունը տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին յաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի Միջազգային զարգացման ընկերակցութեան կողմից (IDA) Հայաստանին յատկացուել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն: Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի, Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է փոխառությունները` հաշուի առնելով «յստակ նշանները, որ երկու երկրներում ժողովուրդները տուժում են ճգնաժամից»: Օրերս Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանին յատկացուելիք չորս փոխառությունների փաթեթը` 85 միլիոն դոլար ընդհանուր գումարով, ինչպէս նաեւ երկրին տրամադրուելիք 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը անցած շաբաթավերջին «Ազատութիւն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարութիւնը եւ Համաշխարհային բանկը համաձայնութիւն են ձեռք բերել 525 միլիոն դոլարի շուրջ: «Դրանք ծրագրեր են, որոնք ուղղուած են լինելու ենթակառուցուածքների ձեւաւորմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, այսինքն` Համաշխարհային բանկի հետ մեր ծրագրերը բոլոր ոլորտների հետ առնչութիւն ունեն, եւ կարծում ենք, որ այդ ծրագրերի արագ, էֆեկտիվ իրականացումը կմեղմի համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութիւնները մեզ վրայ», - ասել էր վարչապետը:
  -   Տնտեսութիւն