Համաշխարհային բանկը եւս 35 միլիոն դոլար կրամադրի Հայաստանին<br />


Համաշխարհային բանկը եւս 35 միլիոն դոլար կրամադրի Հայաստանին

  • 27-02-2009 17:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պարզեցված համակարգով առաջին օժանդակությունը տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից (IDA) Հայաստանին հատկացվել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է փոխառությունները` հաշվի առնելով «հստակ նշանները, որ երկու երկրներում ժողովուրդները տուժում են ճգնաժամից»: Օրերս Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանին հատկացվելիք չորս փոխառությունների փաթեթը` 85 միլիոն դոլար ընդհանուր գումարով, ինչպես նաեւ երկրին տրամադրվելիք 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը համաձայնություն են ձեռք բերել 525 միլիոն դոլարի շուրջ: «Դրանք ծրագրեր են, որոնք ուղղված են լինելու ենթակառուցվածքների ձեւավորմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, այսինքն` Համաշխարհային բանկի հետ մեր ծրագրերը բոլոր ոլորտների հետ առնչություն ունեն, եւ կարծում ենք, որ այդ ծրագրերի արագ, էֆեկտիվ իրականացումը կմեղմի համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեզ վրա», - ասել էր վարչապետը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play