ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ<br /> ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԱՌԱՒԵԼ ԲԱՐԵՆՍՊԱՍՏ ԳՈՐԾԱԿԻՑ<br />


ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ
ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԱՌԱՒԵԼ ԲԱՐԵՆՍՊԱՍՏ ԳՈՐԾԱԿԻՑ

  • 26-01-2007 17:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընտանեկան նպաստի վճարումների համար այս տարի պետբիւջէից կյատկացուի 26 մլրդ 429 մլն (մօտ 72,4 մլն ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի 24 մլրդ 337 մլն-ի դիմաց: Ինչպէս յունվարի 26-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Սոցիալական աջակցութեան վարչութեան պետ Աստղիկ Մինասեանը, ընտանեկան նպաստի միջին չափը 2007թ.-ին կկազմի 17 հազար դրամ (2006թ.-ին` 15 հազար դրամ): Ըստ նրա, ակնկալւում է, որ այս տարի ընտանեկան նպաստի համակարգում կընդգրկեն 125 հազար 400 ընտանիքներ: Իսկ 2006թ.-ին ընտանիքի անապահովութեան գնահատման համակարգում հաշւառուած 182 հազար ընտանիքներից ընտանեկան նպաստ են ստացել 130 հազարը: Փոխնախարար Արծուիկ Մինասեանը նշեց, որ ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի անապահովութեան սահմանային միաւորը 2007թ.-ին կմնայ նոյնը` 33,00: Ըստ նրա, ընտանեկան նպաստի բազային մասը մինչեւ 18 տարեկան անդամներ չունեցող ընտանիքների համար կկազմի 7500 դրամ (2006թ.-ին` 7000 դրամ), իսկ մինչեւ 18 տարեկան անդամներ ունեցողների համար` 7000 դրամ (2006թ.-ին` 7000 դրամ): Ա.Մինասեանը նշեց, որ ընտանիքների անապահովութեան գնահատման կարգում կատարուված փոփոխութեան համաձայն, միայնակ կենսաթոշակառուների համար սահմանուել է առաւել բարենպաստ գործակից: Այսպէս, եթէ նախկինում կենսաթոշակի բարձրացման պատճառով վերջիններս դուրս էին մնում համակարգից, ապա 2007թ.-ին միջին կենսաթոշակի չափի 2500 դրամով աճի դէպքում էլ նրանք կշարունակեն նպաստ ստանալ: Ա.Մինասեանը յայտնեց նաեւ, որ 2007թ.-ի յունվարի 1-ից համակարգում հաշւառուած այն ընտանիքները, որոնցում կծնուի երրորդ կամ դրան յաջորդող երեխան, կստանան 200 հազար միանուագ դրամական օգնութիւն:
  -   Հասարակութիւն