Անահիտ Բախշեանի յիշեցում-նամակը Երեւանի քաղաքապետին


Անահիտ Բախշեանի յիշեցում-նամակը Երեւանի քաղաքապետին

  • 19-08-2011 19:30:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
19 օգոստոսի 2011թ., ք. Երեւան: ԱԺ «Ժառանգութիւնէ խմբակցութեան պատգամաւոր Անահիտ Բախշեանը յիշեցում-նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին, որը ներկայացնում ենք ստորեւ: «Յարգելի պարոն Կարապետեան, Քաղաքի տեսքով մտահոգուած ու Երեւանը իսկապէս քաղաքամայր տեսնելու լաւագոյն մղումներով Երեւանի տարբեր հատուածներում նախաձեռնել էք կրպակների ապամոնտաժման գործընթաց, որը կարող է վերածուել սոցիալական բունտի, քանի որ այն վերաբերելու է մօտ 1000 ընտանիքի: Ընդամէնը 3 ամիս առաջ, երբ Ձեր հրապարակային ելոյթների մեծ մասը վերաբերում էր կանաչ տարածքների պահպանմանը, մեր քաղաքացիները «Հրապարակ» թերթի միջոցով բողոքում էին այն մասին, որ Երեւանի Աւան վարչական շրջանի Իսահակեան թաղամասի Խուդեակով փողոցի վրայ գտնուող փոստի շէնքի ու մայթի միջեւ գտնուող կանաչ տարածքում շինարարութիւն է իրականացւում: Անձամբ գնացել եմ նշեալ հասցէն ու համոզուել, որ սեփականութեան իրաւունքով տրուած հողամասը նախ կենտրոնական փողոցի վրայ է եւ գազօնի շարունակութիւն, կանաչ տարածք, որը գրաւելու մասին տեղի բնակիչները բողոքում էին, իսկ Դուք ինչպէս միշտ աներեր եղաք: Ուզում եմ բարեկամաբար հրապարակայնօրէն Ձեզ յիշեցնել ոչ հեռու անցեալում, սոյն թուականի ապրիլի 5-ին Ձեզ ուղղուած նամակիս մասին, որի բովանդակութիւնը վերաբերում էր վերոնշեալ հասցէում գտնուող փոստի շէնքի ու մայթի միջեւ գտնուող կանաչ տարածքում իրականացուող շինարարութեան վերաբերեալ քաղաքացիների ահազանգին: Ի պատասխան, ապրիլի 14-ին Ձեր կողմից ուղարկուած նամակով յայտնել էիք, որ Խուդեակով փողոցի հ. 161/2 հասցէում գտնուող հողամասը 2010 թուականի դեկտեմբերի 28-ին, այսինքն Ձեր օրօք ու ստորագրութեամբ, սեփականութեան իրաւունքով տրուել է քաղաքացի Անդրանիկ Վարդանեանին` նշեալ հասցէում հասարակական նշանակութեան օբյեկտ կառուցելու համար: Նամակում ասուած էր նաեւ, որ շինարարական աշխատանքներն իրականացւում էն Երեւանի քաղաքապետարանի կողմից 12.03.2011թ. շինարարութեան թոյլտուութեան պահանջներին համապատասխան եւ համաձայնեցուած նախագծով: Կրկին բարեկամաբար հարցնում եմ, կրպակներն ապամոնտաժելու մասին հրապարակայնօրէն համոզուած խօսելիս, յիշու՞մ էք արդեօք, թէ Ձեր օրօք, Ձեր ստորագրութեամբ կանաչ տարածքներում շինարարութեան քանի՞ թոյլտւություն էք տուել: Գոնէ այս մէկը յիշեցնում եմ: Անահիտ Բախշեան «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորէ»
  -   Հասարակութիւն