ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

  • 21-12-2007 17:15:00   | Հայաստան  |  Յօդուածներ
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն (զեկոյց, որն ընթերցուել է դեկտեմբերի 19-20-ը «Հայ-թուրքական յարաբերութիւններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ) Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան անհասկանալի ուղղուածութիւնը, նրա անհետողական եւ շփօթ ընթացքը մեծապէս պայմանաւորուած են հայեցակարգային խոշորագոյն մի սխալով. անկախութիւն ստանալուց ի վեր Հայաստանի ղեկավարութիւնն սկզբունքօրէն անտեսում է Հայկական հարցի գոյութիւնը, չի գիտակցում այդ հարցի բուն էությունը, հաւատում է այն շրջանցելու հնարաւորութեանը, մինչդեռ Հայկական հարցը չեն մոռանում Հայաստանի ռազմավարական ախոյեանները` Թուրքիան եւ Ադրբեջանը; Մանրամասնենք, նախ պատասխանելով հետեւեալ հարցին: Կայ՞ արդեօք այսօրուայ դրութեամբ Հայկական հարց եւ ո՞րն է այն: Հայկական հարցի էութիւնն անցեալում էլ, այժմ էլ նոյնն է. հայ ժողովրդի իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մէկը` հայոց լիարժէք պետականութեան վերականգնում պատմական Հայաստանի առնուազն այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատեւ անվտանգ գոյութիւնը երաշխավորված կլինի: Այլ կերպ ասած` Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգութեան հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժէք եւ ամուր պետականութեան ստեղծում, երկրորդ` այդ պետականութեան անվտանգութիւնն ու կենսունակութիւնն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց միւսի անիրագործելի է. ո'չ հայկական պետութիւնն է ի վիճակի գոյատեւել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան 29.800 քառ. կմ խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրաւիրող» սահմաններում, ո'չ էլ հայկական պետութեան բացակայութեամբ հնարաւոր կլինի հայ ժողովրդի գոյութիւնն առհասարակ: Այսպիսով, Հայկական հարցի լուծումն ամէնեւին էլ հայերի ցեղասպանութեան միջազգային ճանաչումը չէ, ինչպէս թյուրիմացաբար կարծում են շատերը, եւ ինչպէս տարածում են հայերի կեղծ բարեկամները: Հայկական հարցը, ամէնից առաջ, հողային հարց է: Ինչպիսի՞ն է, սակայն, Հայկական հարցի վիճակը ներկայումս: Հայ ազգի եւ հայկական քաղաքակրթության գոյութիւնը վտանգուած էին նախկինում, վտանգուած են եւ այսօր, որովհետեւ չլուծուած է մնում տարածքային` հողային խնդիրը: Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դարձեալ յայտնուել է «լինէ՞լ, թէ՞ չլինել»-ի դրութսեան մէջ: Խորհրդային կայսրութեան փլուզման գործընթացին զուգընթաց, հայութեան դէմ Թուրքիայի եւ նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանի ծաւալապաշտական բացայայտ նկրտումներն ու վայրագ գործողութիւնները եւս մէկ անգամ վտանգում են արդի Հայաստանի ֆիզիկական գոյութիւնը: Վերջին մէկուկէս տասնամեակի անկախ գոյութեան փորձը փաստել է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել` 42.000 քառ. կիլոմետրանոց բնական որոշակի սահմաններ ունեցող տարածքի վրայ վերահսկողութիւն հաստատելու շնորհիւ միայն, ներառելով Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախը` ազատագրուած տարածքներով հանդերձ: Սա' է Հայաստանի անվտանգութիւնն ապահովող այն նուազագոյն հողակտորը, որից պակաս տարածքում հայոց պետականութեան գոյութիւնն այլեւս կարող է անհնարին լինել: Սա է այն նուազագոյն հողակտորը, որն ապահովում է Հայաստանի անվտանգութիւնը տարածաշրջանային ու միջազգային ուժերի քաղաքական, ռազմական, հոգեբանական ու աշխարհաքաղաքական շահերի բախումներում եւ փոխազդեցություններում: Միեւնոյն ժամանակ, ամէնեւին չի բացառւում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականութիւնը եւ վերջինիս կողմից պատերազմի հաւանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է'լ աւելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանութիւնը հայրենիքի բռնազաւթուած տարածքների վրայ, ընդհուպ մինչեւ այն կէտը, երբ թշնամին այլեւս կդադարեցնի սպառնալն ու կհաշտվի հայերի` իրենց հայրենի հողի վրայ պետութիւն ունենալու իրողութեան հետ: Գալով Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեանը, պէտք է նկատել, որ այդ քաղաքականութեան հիմնադրոյթները ձեւաւորուել են դեռեւս 1990-ական թթ. սկզբին եւ, հակառակ ընդունուած տեսակէտի, յետագայում լուրջ վերանայման ու փոփոխութեան, ըստ էութեան, չեն ենթարկուել: Այս իմ հայտարարությանն անմիջապէս կառարկեն ե'ւ նախկին` ՀՀՇ-ական, ե'ւ ներկայ իշխանութիւնների ներկայացուցիչները, երկուսն էլ մեջբերելով, նախ եւ առաջ, այն յայտնի փաստը, որ 1998 թ.-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր օրակարգում է ներառել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը (այդ ուղղութեամբ տարուած աշխատանքի արդիւնաւէտութիւնն այլ խնդիր է): Այնուհետեւ ներկայ իշխանութիւնների ներկայացուցիչներն ուշադրութիւն կհրավիրեն նաեւ մէկ այլ փաստի վրայ, որ իրենք, ի տարբերութիւն նախկինների, սկզբունքօրէն դէմ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն Ադրբեջանի անգամ ձեւական ենթակայության տակ դնելուն: Ճշմարտացի լինելով հանդերձ, այս տարբերութիւնները ի վիճակի չեն փոխելու Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան ընդհանուր ուղղվածությունն ու բովանդակութիւնը, որովհետեւ մանրուք են ի դէմս շատ աւելի ծանրակշիռ այն նմանությունների, որոնք Հայաստանի առաջին նախագահի որդեգրած ուղուց թափանցել են երկրորդ նախագահի վարած քաղաքականութեան մէջ: Արդարեւ, ՀՀ արտաքին քաղաքականութեան հիմքերը դրուել են 1990-ական թթ. սկզբին խորապէս սխալ, եթէ չասենք երեւութային հիմքերի վրայ: Դա մի ժամանակշրջան էր, երբ Հայաստանի ղեկավարութիւնը, մի կողմից, տրվելով Արեւմուտքից ներշնչուած հեքիաթային երազանքներին, միւս կողմից, միջազգային յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան հարցերում պատրաստուածութեան ահռելի պակաս ունենալով. աչք էր փակում տեսանելի հեռանկարում հայ-թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի անհամատեղելիութեան վրայ. պատմութեան դերակատարումը քաղաքականութեան մէջ համարում էր անախրոնիզմ` անարժէք մի մնացուկ. արեւմտյան զարգացած պետութիւններին միամտորեն ընդունում էր որպէս անաչառ միջնորդ եւ անվտանգութեան ամենակարող երաշխաւոր. միջազգային քաղաքական համակարգի զարգացումն ընկալում էր դէպի «համընդհանուր բարօրութիւն եւ ազատութիւն» տանող միագիծ ու վերընթաց մի շարժում. իբրեւ արդիւնք, Արցախի եւ ազատագրուած տարածքի հիմնախնդիրը դիտում էր Հայկական հարցից կտրուած ու մէկուսացուած: Այս թերութիւնները մինչեւ այսօր էլ, ցավոք, լիովին չեն յաղթահարուել: Թվենք նախորդ վարչակարգից Հայաստանի Հանրապետութեան ներկայիս արտաքին քաղաքականութեան մէջ ժառանգաբար փոխանցված վճռորոշ ուղղութիւնները. 1990-ական թթ. ի վեր ՀՀ արտաքին քաղաքականությունն անտեսում է Հայկական հարցի գոյութիւնն ու էությունը` նրա հողային բնոյթը, համարելով, որ անկախ Հայաստանը կարող է գոյատեւել նախկին ՀԽՍՀ 29 800 քառ. կմ-անոց տարածքում կամ, առաւելաբար, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ միասին: Հայաստանի ե'ւ առաջին, ե'ւ երկրորդ նախագահներն ու նրանց վարչակարգերը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս ընկած Հայաստանի ազատագրուած տարածքը, բացառութեամբ Լաչինի միջանցքի, հրապարակավ յայտարարել են զիջման ենթակայ: Հայաստանի ցեղասպանված արեւմտյան մասը լիակատար մոռացութեան է մատնուել` այն աստիճան, որ անկախ Հայաստանի դեսպանները կարող են մեր հայրենիքի այդ կորուսեալ տարածքն արդէն կոչել թուրքական տերմինաբանությամբ` Անատոլիա: Պետական մակարդակով կամ պետութեան պատուէրով երբեւէ քննարկումներ եւ իրավաքաղաքական եւ միջազգայնագիտական վերլուծութիւններ չեն իրականացուել հողային, նիւթական, իրավաքաղաքական, մշակոյթային կամ ռազմավարական կշիռ ունեցող այլ կարգի փոխհատուցումների մասին: Արեւմտյան Հայաստանի հարցը պետական մակարդակում վաղուց դարձել է արգելուած թեմա, որը եւ իր արտացոլումն է գտել այս տարուայ փետրուարին ընդունուած «Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութիւն» ամուլ փաստաթղթի մէջ: ՀՀ-ն այն ժամանակ էլ, այսօր էլ պատրաստակամութիւն է յայտնում առանց նախապայմանների Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել: ՀՀ նախկին եւ նոր իշխանութիւնները հայ-թուրքական սահմանի բացման բուռն ցանկութիւն են դրսեւորում` առանց տնտեսական եւ ազգային անվտանգութեան բնագաւառում պաշտպանական մեխանիզմներ մշակելու եւ ունենալու: Սակայն կայ մի բնագաւառ, որտեղ ներկայ իշխանութիւնները, որակապէս զարգացրել են նախկինների ուղին. Հայաստանն, «առանց աւելորդ նախապաշարումների», համաձայնել է ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացyող զանազան միջոցառումներում Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցութեան եւ թուրք զինվորականներն էլ Հայաստանի Հանրապետութեան հողում հպարտօրէն բարձրացրել են իրենց դրոշը, իսկ հայ պաշտօնեաները յոտնկայս ունկնդրել են թուրքական հիմնը: Սա համաշխարհային պրակտիկայում նմանատիպը չունեցող մի անհեթեթութիւն է: Համատեղ զինավարժությունները հնարաւոր են միայն այն պետութիւնների միջեւ, որոնք ունեն դաշնակցային, բարիդրացիական կամ առնուազն սուր հակասություններից զերծ, ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը ձեւաւորւող յարաբերութիւններ: Մինչդեռ հայ-թուրքական յարաբերութիւնները ո'չ դաշնակցային են, ո'չ բարիդրացիական, ո'չ էլ զարգանում են ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը: Նմանատիպ «համագործակցությունները» (թեկուզ եւ բազմազգ ուժերի կազմում) հարուած են հասցնում հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքորոշումների ամբողջ համակարգին, ազգային ոգուն եւ արժանապատվությանը: Դրանք կարող են ընդամէնը բթացնել հայ զինվորականի զգոնությունը եւ ապակողմնորոշել ոչ միայն հայ, այլեւ միջազգային հանրութիւնը, այդպիսով դուռ բացելով հայերի դէմ ծրագրուած նոր գազանութիւնների առաջ (ինչպիսիք էին Գուրգէն Մարգարեանի եւ Հրանտ Դինքի սպանութիւնները): Այս կապակցութեամբ ուզում եմ յիշեցնել պարոն վարչապետի մէկ ամիս առաջ ուսանողների հետ հանդիպումը, որտեղ նա դժգոհեց, որ ժողովրդի մէջ (մեջբերում եմ) «վտանգի զգացումը բթացել է»: Պէտք է, սակայն, ընդգծենք, որ վտանգի զգացումը բթացվել է հե'նց Հայաստանի Հանրապետութեան արտաքին եւ ներքին անիրատես, վտանգը մոռացութեան մատնած քաղաքականութեան պատճառով: Ներկայ եւ նախկին իշխանութիւնները բացարձակ անտարբերութեամբ են վերաբերուել Հայաստանից ժողովրդի զանգվածային արտագաղթին, նրանք երբեք հայրենադարձությունը չեն դիտել իբրեւ Հայաստանի ամրապնդման ճանապարհ, այդ ուղղութեամբ քարօզչական ու կազմակերպչական որեւէ աշխատանք չի տարուել, ծրագրեր չեն մշակtyել: Հայաստանը մինչեւ այսօր չի հռչակուել բոլոր հայերի հայրենիք, աշխարհասփիւռ հայերին երբեք տունդարձի կոչ չի ուղղուել (փորձ չի արուել նոյնիսկ ուղղելու Իրաքից հազարներով արտագաղթող հայերի ճանապարհը դէպի հայրենիք): Սփիւռքի հետ կապերի համակարգումը յայտնուել է բարձիթողի վիճակում: Ներկայ եւ նախկին իշխանութիւնները շարունակաբար տոգորված են անհիմն լաւատեսութեամբ առ այն, որ հայ-թուրքական յարաբերութիւնները շատ շուտով, «ուր որ է» մտնելու են բնականոն զարգացման հուն: Հայաստանի դէմ միջազգային ասպարէզում տարւվող թուրքական քարօզչութեան հանդէպ ընդունուել է կրավորական, ոչ արժանավայել կեցուածք: Որպէսզի այս հայտարարությունս մերկապարանոց չհնչի բերենք մի քանի թարմ օրինակ: 8.1. Շատ յաճախ Հայաստանի հասցէին թուրք ղեկավարութեան հնչեցրած մեղադրանքներն արժանի պատասխան չեն ստանում: ա) Հայաստանի արեւմտյան մասը բռնազաւթած ցեղասպան Թուրքիան գրեթէ ամէն օր անուանարկում է Հայաստանն իբրեւ զավթիչ (օկուպանտ): Հայաստանի իշխանութիւնները երբեք չեն համարձակվում պատասխանել, որ իսկական զավթիչը Թուրքիան է, որը բռագրավել է Հայաստանի բնիկ տարածքի 9/10-րդ մասը: բ) Մինչ Թուրքիան մշտապէս սպառնում է Հայաստանին, Հայաստանը յայտարարում է, որ ինքը կողմ է Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելուն: գ) Ամենաթարմ օրինակներ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքւում կայացած թյուրքախոս պետութիւնների հաւաքին յայտարարեց (մեջբերում եմ). «Պատմական գործընթացները ժամանակին կիսել են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ մեր միջեւ ընդհանուր սահման է եղել: Իսկ այսօր մեր առջեւ հսկայական հնարաւորութիւններ են բացուել եւ մենք պէտք է դրանք օգտագործենք: Վերջին 15 տարիները ցոյց են տուել, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել: Մեր ապագայի ճարտարապետները հենց մենք ենք»: Այս յայտարարութեյան առաջին մասը թուրքական հերթական վտանգաւոր կեղծիք է, որը աջակցութիւն է յայտնում Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումներին` ամբողջ այսօրուայ Հայաստանը, ներառեալ Երեւան մայրաքաղաքը, յայտարարելու Արեւմտյան Ադրբեջան ու «պատմականօրէն ադրբեջանական տարածք»: Իսկ այս յայտարարութեյան երկրորդ մասով Էրդողանն արդէն ակնարկում է Հայաստանի ոչնչացման թուրք-ադրբեջանական ծրագրի գոյութիւնը: Սակայն պաշտօնական Երեւանը, ինչպէս միշտ, նախընտրեց ոչինչ չլսել ու որեւէ արձագանք չտալ: Աւելին` ՀՀ վարչապետը մէկ ամիս չանցած` The Financial Times թերթին տուած հարցազրոյցում յայտարարեց` «Ես չեմ կարծում, որ նա Էրդողանը նուիրուած չէ Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելուն»: դ) Թուրքիայի վարչապետ Էրդողանը հոկտեմբերի 19-ին մի նամակ հրապարակեց արեւմտյան ամենահեղինակաւոր օրաթերթերից մէկում` Wall Street Journal-ում (Recep Tayyip Erdogan, "Congress and Armenia", WSJ, October 19, 2007), որն այդպէս էլ անպատասխան մնաց, այնինչ Հայաստանին հրաշալի հնարաւորութիւն էր ընձեռվել ներկայացնելու եւ պաշտպանելու իր տեսակետները միջազգային հանրութեան առջեւ: Պատասխանի բացակայութիւնն ինքնին վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականութեան անմշակ եւ թոյլ լինելու, այդ բնագաւառում աշխատանքի ցածր որակի եւ կրավորականության մասին: ե) Թուրքիան իր կազմակերպած քարոզարշավներում մշտապէս կապում է ցեղասպանութեան ճանաչման խնդիրը տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, մեկնաբանելով այն իր շահերի տեսանկիւնից: Հայաստանի Հանրապետութիւնը երբեք չի փորձում յիշեցնել աշխարհին, որ ցեղասպանութեան հետեւանքները սարսափելի ներազդեցություն են գործել տարածաշրջանի անվտանգութեան վրայ, որ ցեղասպանական քաղաքականութեան նորօրեայ դրսեւորումները շարունակւում են Ադրբեջանի քաղաքականութեան մէջ եւ խրախուսւում Թուրքիայի կողմից: 8.2. Հայաստանի ղեկավարութիւնը, չգիտես` ինչո՞ւ, միջազգային ասպարէզում ելոյթ ունենալիս, անընդհատ շեշտում է իր` Թուրքիայի համեմատ փոքր երկիր լինելը, փոխանակ շեշտելու Հայաստանի եւ Թուրքիայի պետութիւնների` որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտների, իրաւահաւասարութիւնը: 8.3. Ներքին ասպարէզում իրավիճակը շատ աւելի անմխիթար է. թրքասիրության բուռն դրսեւորումները հանդիպում են ամէն օր: Բաւական է յիշել հե'նց այս օրերին Հայաստանի պետական (!) դպրոցներից մէկում «Հայաստանում Ադրբեջանի օրեր» խայտառակ ծրագիրը, որին աջակցութիւն է յայտնում Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանեանը եւ որը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ առանց հանրապետութեան գերագոյն ղեկավարութեան աջակցութեան: Սա նոյնն է, եթէ Սիրիայիում անցկացուէին Իսրայելի օրեր կամ Իսրայելում` Սիրիայի: Միեւնոյն ժամանակ Բաքուից հնչում են ամէնօրեայ սպառնալիքներ: Հիշեցնեմ, որ այդ պետական խոշորագոյն դպրոցի տնօրենն է հրապարակայնօրէն Հայկական բանակի դէմ քարոզող եւ Արցախը Հայաստան հայրենիքի մաս չհամարող պրն. Ա. Բլէեանը: Այսպիսի արտառոց իրավիճակում Հայ Դատն իր քաղաքականութիւն հռչակած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը, նրա խորհրդարանական ֆրակցիան, ինչպէս նաեւ այդ կուսակցութեան ներկայացուցիչ` կրթութեան նախարար պրն. Լ. Մկրտչեանը որեւէ խնդիր չեն տեսնում: Խնդիր չի տեսնում նաեւ Հանրապետական կուսակցութիւնը, որի նախագահ պրն. Ս. Սարգսեանն էլ ամենամեայ սեպտեմբերմեկյան այցը կատարում է հե'նց պրն. Բլէեանի ղեկավարած դպրոցը: Չմոռանանք, որ Հանրապետական կուսակցութիւնն ինքն իրեն յայտարարել է նժդեհեան գաղափարախօսութեան կրող (իհարկէ, Գարեգին Նժդեհը եւ ոչ մի տող չի գրել Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու եւ Հայաստանը միայն 30000 քռ կմ-ի մէջ արգելափակելու մասին): Յիշենք նաեւ, որ հանգիստը թուրքական Անթալիայում Հանրային (պետական) եւ մասնաւոր հեռուստատեսություններով գովազդւում է ամբողջ տարին շարունակ: Երէկ այս ամբիոնից բարձրաստիճան որոշ պաշտոնեաներ յայտարարում էին թուրք հասարակութեան հետ աշխատելու անհրաժեշտութեան մասին, ինչը, կարծում եմ, գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Նախքան այդ, պարոնայք, բարի եղեք եւ կարողացեք աշխատել հայ հասարակութեան հետ, այլ ոչ թէ թոյլ տալ, որ հայ երեխաների ուղեղները լվացեն Ադրբեջանից ժամանած նախկին բանակայինները եւ տնաբույս թուրքասերները: Այս առումով նկատենք նաեւ, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան ընդհանուր լղոզվածության պայմաններում տեղի է ունենում կարեւոր հասկացութիւնների վտանգաւոր նենգափոխում. թշնամի պետութիւն Թուրքիան անընդհատ յիշատակւում է իբրեւ «հարեւան երկիր», կարծես չկան ո'չ թուրքական շրջափակումը, ո'չ էլ թշնամական քաղաքականութեան միւս դրսեւորումները: Երէկ պրն. Ա. Ռուստամյանը ափսոսանքով խոսում էր «թուրք գործընկերների» Հայաստան չժամանելու մասին: Այդ երբվանի՞ց Թալեաթին ու Էնվերին պաշտող թուրք պատգամաւորները դարձան «գործընկեր»: Չմոռանանք, որ ժամանակին Գրիգոր Զոհրապն էլ էր Թալեաթին գործընկեր համարում եւ նոյնիսկ վտանգի պահին պատսպարում էր նրան իր տանը: Մի քանի տարի անց նոյն Թալեաթի հրամանով հայ ժողովուրդը բնաջնջվեց իր բնիկ հայրենիքում, իսկ Գրիգոր Զոհրապի գլուխը թուրքերը քարով ջախջախեցին: 8.4. Վերջապէս, ոչ արժանապատիվ կեցուածքի փայլուն մի օրինակ է նաեւ այս քննարկումներին թուրք պատգամաւորներ հրաւիրելը: Երբեւիցե Ձեզ, տիկնայք եւ պարոնայք հայ պատգամաւորներ, հրավիրե՞լ են Թուրքիայի խորհրդարան` որեւէ նմանատիպ լսումների մասնակցելու: Արդեօք ի՞նչ իմաստ ունի հրաւիրել թուրք պատգամաւորներին Հայաստանի խորհրդարան, այն էլ հայ-թուրքական յարաբերութիւններին նուիրուած լսումների, եթէ նրանք չեն ճանաչում հայ ժողովրդի դէմ գործադրուած մեծագոյն ոճիրը` ցեղասպանութիւնը, այսինքն պատրաստ են կրկնելու նոյնը եւս մէկ անգամ: Ի՞նչ իմաստ ունի հրաւիրել նրանց, եթէ նրանք չեն ճանաչում արցախահայութեան ինքնորոշման եւ ազատ ապրելու իրաւունքը, չեն դատապարտում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծաւալած հակահայկական քաղաքականությունն ու ռասիստական քարոզարշավը, չեն դատապարտում հայկական մշակոյթային ժառանգութեան ոչնչացումը այդ պետութիւնների տարածքում, չեն ընդունում ցեղասպանութեան դիմաց փոխհատուցման որեւէ գաղափար: Կարօ՞ղ եք պատկերացնել, որ, ասենք, Իսրայելը հրաւիրեր սիրիացի կամ իրանցի պատգամաւորներին մասնակցելու իսրայելա-սիրիական կամ իսրայելա-իրանական յարաբերութիւնների մասին կնեսետում կազմակերպուած լսումներին: Եվ կամ հակառակը` Սիրիան կամ Իրանը նոյն նպատակով հրավիրեին իսրայելցի խորհրդարանականներին իրենց մօտ կազմակերպւող լսումներին: Առհասարակ, ի՞նչ իմաստ ունի հրաւիրել թշնամի պետութեան պատգամաւորներին Հայաստանի ազգային անվտանգութեան հետ կապուած հարցերի քննարկումներին: Խորաթափանց դիւանագիտութեան անուան տակ անցկացուող նմանատիպ սիրախաղերը Թուրքիայի Ադրբեջանի հետ լոկ գրգռում են նրանց ախորժակը, առաջացնում արհամարհանք եւ, ի վերջոյ, վատ աւարտւում հայերի համար (յիշենք թեկուզ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համագործակցութիւնը երիտթուրքերի հետ): Ձեր հրաւէրն ընդունելու մերժումը ընդամէնը ցոյց է տալիս այդ արհամարհանքի աստիճանը: Այդ հրաւէրը ոչ թէ դիւանագիտութիւն ու բարի կամքի դրսեւորում է, այլ միջազգային պրակտիկայում նախադէպը չունեցող անհեթեթութիւն` նոնսենս, յարգելի պատգամաւորներ: Այսպիսով, 1990-ական թթ.-ից ի վեր ՀՀ քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ (ըստ այդմ էլ` գրեթէ ողջ արտաքին քաղաքականութիւնը) մնացել է հիմնականում անփոփոխ: Նա չի վերանայուել 1993թ. սկսուած թուրքական շրջափակման կիրառումից անմիջապէս յետոյ, ոչ էլ այդ շրջափակման 15-ամեայ ընթացքում: Այդ քաղաքականութեան վրայ ազդեցութիւն չի թողել Թուրքիայի` Ադրբեջանին ցուցաբերած լայնածաւալ ու սադրիչ աջակցութիւնը` Հայաստանի դէմ պատերազմական նախապատրաստությունների գործում ու հենց պատերազմի ընթացքում: Հայաստանի այդ քաղաքականութիւնը չի փոփոխուել միջազգային ասպարէզում Թուրքիայի հակահայկական քարօզչութեան ուժգնացումից եւ տարեց-տարի առաւել մեծ ու կազմակերպուած թափ ստանալուց յետոյ: Այդ քաղաքականութիւնը չի վերանայուել Թուրքիայի` Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու 16-ամեայ հրաժարման պատճառով, հրաժարում, որը բացի բացայայտ թշնամանքի դրսեւորումից, նաեւ վկայում է հայոց պետականութեան գաղափարն իսկ ընդունելու Թուրքիայի դժկամությունը: Այդ քաղաքականութիւնը չի վերանայուել թուրքական պետութեան առաջին դէմքերի բերանով Հայաստանի հասցէին պարբերաբար հնչեցուող սպառնալիքներից յետոյ: Բնականոն յարաբերութիւններ հաստատելու Թուրքիայի առաջադրած կանխահայտորեն անընդունելի նախապայմանները եւս ի զօրու չեն եղել փոփոխելու հայաստանին Թուրքիայի նկատմամբ տարւվող քաղաքականութիւնը: Նկատենք, որ տարբեր պահերի դրուել են տարբեր նախապայմաններ, այդ թւում` Արցախը յանձնել Ադրբեջանին, հրաժարուել սեփական պատմութիւնից, մասնաւորապէս ցեղասպանութեան թեման միջազգային ասպարէզում, ինչպէս նաեւ բուն Հայաստանում արծարծելուց, պաշտօնապէս վերահաստատել Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, Մեղրիի միջանցքը դնել ադրբեջանական վերահսկողութեան տակ, յանձնել Հայաստանում երբեք ոտք չդրած Աբդուլահ Օջալանին (1999թ.), հրաժարուել Հայաստանի երբեք չունեցած միջուկային զենքից: Վաղը կարող են առաջ քաշվել բոլորովին նոր հնարովի նախապայմաններ: ՀՀ քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ չի վերանայուել նաեւ Հայաստանի եւ Քուրդիստանի Բանուորական Կուսակցութեան միջեւ գոյութիւն չունեցող կապերի մասին թուրք պաշտօնեաների սուտ եւ վտանգաւոր քարօզչութիւն ծավալելուց յետոյ: Միչդեռ թուրք-ադրբեջանական ստայոդ պնդումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում Քուրդիստանի Բանուորական Կուսակցութեան բազաներ ունենալու մասին հող են նախապատրաստում ծրագրւող ռազմական ներխուժման համար: Հայաստանի արտգործնախարարութեան անհասկանալի թերացումներից է նաեւ այդ կեղծիքները պատշաճ չգնահատելը եւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը դրանց վրայ չսեւեռելը: ՀՀ քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ չի վերանայուել Ստամբուլում հայ լրագրողի սպանութիւնից յետոյ, սպանութիւն, որ, ըստ աստիճանաբար ամրապնդուող կարծիքների, կազմակերպել էին Թուրքիայի պետական մարմինները, որոնք այժմ էլ իրականացնում են սպանութեան հետքերը սքողելու փորձեր` ընդհուպ մինչեւ փաստաթղթերի ոչնչացումը: ՀՀ քաղաքականութիւնը երբեւէ հետաքրքրութիւն չի դրսեւորել առ այն, որ այդ նորագոյն ոճրագործութեան եւ դրա իսկական կազմակերպիչների չբացահայտուած մնալու արդիւնքում պոլսահայ համայնքը յայտնուել է ահաբեկուած վիճակում: Ո՞վ է այսպէս կախարդել Հայաստանի հանրապետութեանն Թուրքիայի հանդէպ տարւվող քաղաքականութիւնը, ո՞վ է վարակել այն տեւական ու վտանգաւոր հավկուրությամբ, որն արդէն համաճարակի պես ընդգրկում է հայ հասարակութեան գրեթէ բոլոր խաւերը: Ե՞րբ է Հայաստանի քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ իրատեսական դառնալու: Ե՞րբ է Հայաստանի ղեկավարութիւնը գիտակցելու, որ Թուրքիան Հայաստանի դէմ անսքօղ թշնամական քաղաքականութիւն է վարում, ունենալով պարզ ու յստակ մի նպատակ` Հայաստանի ոչնչացումը: Մի՞թէ այս ճշմարտութիւնը հասկանալու համար անհրաժեշտ է թուրքական ռազմական ներխուժում, հայերի նոր կոտորած: Ի դէեպ, սա այն միակ հակահայկական քայլն է, որ վերջին 17 տարիներին Թուրքիան, իրենից անկախ պատճառներով, չի հաջողեցրել, բայց նպատակադրված է իրականացնելու իր կրտսեր դաշնակցի` Ադրբեջանի ձեռքերով: Սովորաբար, Հայաստանի ղեկավարութիւնը բացատրում է իր` Թուրքիայի եւ առհասարակ Հայկական հարցի վերաբերեալ տարւվող անբացատրելի զիջողական եւ կրավորական քաղաքականութիւնը իբր իրապաշտությամբ ու գործնապաշտ (պրագմատիկ) մոտեցումներով, որոնք, ինչպէս տեսանք, առաջացրել են միայն թուրքերի քամահրանքը եւ նպաստել թուրքական ճնչումների շարունակութեանը: Այդ, այսպէս կոչուած, իրապաշտությունն ու գործնապաշտությունն արտայայտւում են մի շարք պարզունակ ու զավեշտական հարցադրումներով. Եթէ Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան Հայաստանին պատերազմ կյայտարարի. - իրականում, Թուրքիան Հայաստանին պատերազմ արդէն յայտարարել է եւ այն մղում է տեղեկատուական, հոգեբանական, գաղափարական ու տնտեսական ոլորտներում: Իսկ Հայաստանն այդ պատերազմը չտեսնելու է տալիս, մինչդեռ յայտնի ճշմարտութիւն է` եթէ պատերազմում չես կռվում, քեզ ջախջախում են: Թուրքիան ընդամէնը զորքով չի յարձակուել Հայաստանի վրայ, բայց այդ մի քայլից նրան հետ են պահում բոլորովին այլ պատճառներ, որոնցից նշենք հիմնականներըն սեփական խնդիրների առկայութիւնը, այդ թւում` քրդական ապստամբութիւնը, Հայաստանի անկախ պետութիւն լինելը եւ բանակ ունենալը, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, ռուսական զորքի ներկայութիւնը, Եւրոպական Միութիւն մտնելու ցանկութիւնը, հայկական Սփիւռքի առկայութիւնը: Սակայն սա չի նշանակում, թէ թուրքական վտանգը մէկընդմիշտ վերացել է, միջազգային կամ տարածաշրջանային վայրիվերումների դէպքում թուրքական վերնախաւը կարող է ապագայում որոշել հարուածել Հայաստանին, նախընտրելով իր երկարաժամկէտ ռազմավարական նպատակներին հասնելը միջազգային կարճաժամկէտ դատապարտումից: Ամէն դէպքում, Թուրքիան այդպիսի քայլ կարող է անել անկախ Հայաստանի հողային պահանջ ներկայացնել-չներկայացնելուց: Յիշեցնենք նաեւ, որ 1993թ. Թուրքիան ծրագրել էր ներխուժել Հայաստան, թէեւ այդ պահի ղեկավարութիւնը յստակ յայտարարել էր Թուրքիայից որեւէ տարածքային պահանջ չունենալու մասին: Եթէ Թուրքիան բաւարարի Հայաստանի հողային հատուցման պահանջը, ապա ի՞նչ է անելու Հայաստանը. չէ՞ որ այդ հողերի վրայ ապրում են 15-20 միլիոն քրդեր եւ թուրքեր. - իրականում, մօտ ապագայում Թուրքիան Հայաստանին որեւէ հողային զիջում չի անելու, որովհետեւ նա դեռեւս ամուր պետութիւն է: Բայց աւելի մեծ ճնշում Հայաստանի նկատմամբ նույնպես չի կարող իրականացնել` բոլոր հնարաւոր ճնշումներն արդէն փորձված են ու կիրառուած: Մինչդեռ հողային հատուցման հիմնաւորուած պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում: Արդեօ՞ք մենք պատրաստ կլինենք ընդունելու այդ զիջումները` ցոյց կտայ ապագան, իսկ առայժմ հողային պահանջը որեւէ բանով չի վնասելու, այլ ընդհակառակն` ամրապնդելու է Հայաստանի դիրքերն Արցախի շուրջն ընթացող բանակցային գործընթացում: Եթէ Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան դուրս կշպրտի իր տարածքից այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիներին. - իրականում, Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիները, ինչպէս եւս մէկ անգամ ցոյց տվեցին Հրանտ Դինքի սպանութեան հետ կապուած իրադարձութիւնները, առանց լաւ գիտակցելու յայտնուել են պատանդի կարգավիճակում: Հայաստանի կառավարութիւնը պէտք է պաշտօնապէս կոչ անի նրանց` հնարավորինս արագ դուրս գալ թշնամի պետութեան` Թուրքիայի տարածքից: Եթէ նրանք չանսան այդ դիմումին, ապա յետագայ հնարաւոր բարդութիւնների ողջ պատասխանատւութիւնը կընկնի այդ անհեռատես անհատների վրայ: Պատանդի վիճակում է յայտնուել նաեւ պոլսահայ համայնքը: Իրապաշտությունն ու գործնապաշտությունը պահանջում են Հայաստանի ղեկավարութիւնից Թուրքիայի ուղղութեամբ մշակել եւ որդեգրել նոր քաղաքականութիւն, որի հիմքում ընկած պէտք է լինի Հայկական հարցի ճանաչումն ու ընդունումը: Այսօրուայ դրութեամբ Հայկական հարցն իրաւական լուծում այդպէս էլ չի ստացել. այն չի լուծուել ո'չ Մոսկուայի, ո'չ Կարսի (երկուսն էլ կնքուել են 1921 թ.), ո'չ ԽՍՀՄ փլուզումից յետոյ ստորագրուած որեւէ պայմանագրի միջոցով, ինչը փաստվում է ներկայիս հեղհեղուկ ռազմավարական, իրաւական ու քաղաքական իրադրությամբ: Այդ բազմաթիւ պայմանագրերից որեւէ մէկը լիարժէք չի գործում եւ չի էլ կարող գործել, քանի դեռ Հայկական հարցը, այսինքն` Հայաստանի սահմանների եւ, ըստ այդմ, կենսունակութեան երաշխիքների խնդիրը չի լուծուել: Հայկական հարցի յետագայ զարգացումն անխուսափելիօրէն բերելու է նոր պայմանագրերի ստորագրման, ըստ ամենայնի, ոչ միայն Արցախի ու ազատագրուած տարածքների կտրուածքով, այլեւ հայ-թուրքական յարաբերութիւնների, Նախիջեւանի եւ Հայաստանի բռնազաւթուած այլ տարածքների մասերով: Հողային հարցում այդ նոր պայմանագրերը կայ'մ պահպանելու են այսօրուայ ստատուս-քվոն, կայ'մ լինելու են աւելի նպաստաւոր Հայաստանի համար: Պակաս նպաստաւոր լինելու պարագայում` Հայկական հարցի բնութիւնն ինքն է վիժեցնելու դրանց կենսագործումը, վաղ թէ ուշ տարածաշրջանում առաջացնելով նոր սրացումներ, բախումներ ու պատերազմներ: Քանի դեռ հայ ժողովուրդն իր անկախ գոյութիւնն ապահովելու համար անվտանգութեան բաւարար երաշխիքներ չի ստացել, տարածաշրջանում տարածքային հարցեր շօշափող որեւէ պայմանագիր չի կարող իրաւական հարատեւություն ունենալ: Սա ուռա-հայրենասիրական լոզունգ չէ, որովհետեւ նման պայմանագրի խախտողը ոչ անպայմանօրէն հայկական կողմը կլինի. Հայաստանի սահմանների ծայրայեղ խոցելիութիւնն ու պաշտպանական խորության բացակայութիւնը մշտապէս գայթակղելու են ադրբեջանա-թուրքական դաշինքին` յարմար պահ գտնելու եւ ռազմական ուղիով մէկընդմիշտ «լուծելու» Հայկական հարցը` Հայաստանը վերացնելով: Այսպիսով, հայ ժողովրդի հրաժարումը իր բնիկ հայրենիքից անհնար է ինչպէս ռազմավարական անհրաժեշտութեան տեսանկիւնից, որի մասին արդէն խօսեցինք, այնպէս էլ բարոյական ու հոգեբանական առումներով` այդպիսի անիմաստ` որեւէ երկարատեւ ապահովութիւն չպարգեւող հրաժարումը կկործանի հայերի հոգեւոր ու պատմամշակութային աշխարհընկալման ողջ համակարգը, դարձնելով նրանց կամազուրկ եւ աննպատակ զանգված, որից յետոյ Հայկական հարցի թուրքական սցենարով վերջնական լուծումը այլեւս առանձին ճիգեր չի պահանջի: Իրականում, Թուրքիան այնքան ժամանակ չի հաշտուի իր սահմաններին հայկական պետականութիւն ունենալու հետ, որքան ժամանակ հոյս կտածի, որ այդ պետականութիւնը կարելի է վերջնականապէս ու մէկընդմիշտ խորտակել: Ցավոք, առայժմ այդպիսի յոյսեր փայփայելու համար Թուրքիան որոշակի հիմքեր է տեսնում. այդ հիմքերից են` Հայաստանի վախվորած ու կրավորական արտաքին քաղաքականութիւնը, Թուրքիային սիրաշահելու եւ բարեկամութիւն խոստանալու ապարդիւն փորձերը, Հայաստանի ներսում թուրքամետ ուժերին «5-րդ զորասյան», կայուն առկայութիւնը, կազմակերպվածությունը, անկաշկանդ գործունէութիւնն ու վայելած պետական հովանաւորութիւնը, քարօզչութեան ու տեղեկատուութեան բնագաւառում Հայաստանի պետական համակարգի կաթուածահարութիւնը, Հայաստանում հակահայրենասիրական-հակաազատագրական գաղափարախօսութեան ու հոգեբանութեան անզուսպ քարոզումն ու գրանցած առաջընթացը, պետական հաստատութիւնների անկատարութիւնն ու համընդհանուր կոռումպացվածությունը, շարունակւող արտագաղթը, ներգաղթի աննշան չափերը, տարերայնությունն ու պետական հովանաւորութիւնից հիմնովին զուրկ լինելը, վերջապէս, հայկական զինուժի վերահսկած 42000 քառ. կմ-անոց տարածքին վճռականօրէն տիրանալու եւ դրանք ամբողջովին վերահայացնելուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների իշխանութիւնների կամքի բացակայութիւնը: Բայց ճիշտ է եւ հակառակը. Թուրքիան այն ժամանակ կհաշտվի` ստիպուած կլինի հաշտուելու, Հայաստանի պետականութեան գոյութեան հետ, երբ Հայաստանը ամենայն պատասխանատւութեամբ տեր կկանգնի իր ճակատագրին, իր ժողովրդին, հայկական բանակի վերահսկած 42000 քառ. կմ տարածքին, վարելով արդար ներքին եւ արժանապատիվ արտաքին քաղաքականութիւն, երբ իր դէմ սանձազերծուած ադրբեջանա-թուրքական տեղեկատուական-հոգեբանական պատերազմում Հայաստանը ոչ թէ ջայլամի քաղաքականութիւն կվարի, ինչպէս այժմ է, այլ կդրսեւորի պաշտպանուելու, ինչպէս նաեւ յարձակուելու կամք ու պատրաստուածութիւն, երբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնները կհասկացնեն ամբողջ աշխարհին, որ արիւնով ազատագրուած հայկական հողի որեւէ թիզ այլեւս երբեք չեն զիջելու` ո'չ դարաւոր թշնամուն, ո'չ բարեկամի սքեմ հագած «խաղաղապահ զինուժին»: Եզրափակենք: Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը, մերժելով ճանաչել Հայկական հարցը եւ նրա հողային բնոյթը, շարունակում է արմատապէս սխալ գնահատել իրական վտանգները եւ նրանց զսպման միջոցները: Տարածաշրջանում տիրող ռազմավարական իրականությունից այս կտրուածութիւնը հղի է ամենածանր հետեւանքներով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Թուրք-ադրբեջանական դաշինքը զսպելու միակ հնարաւոր ինքնապաշտպանութեան քաղաքականութիւնը որդեգրելու փոխարէն ընտրուած է Հայաստանը ոչնչացնել ցանկացողների ապարդիւն խաղախեցումն ու սիրաշահումը, հայ հասարակութեանը միակողմանի զիջումների պատրաստելը, միջազգային խոշոր դերակատարների վրայ անառողջ յոյսեր դնելը: Հայաստանի արտաքին քաղաքականութեան գործնապաշտությունը ոչ թէ Թուրքիայի ակնյայտ թշնամությունն անտեսելն է, այլ Հայկական հարցը համակողմանիօրէն վերարծարծելը, ներառեալ տարածքային փոխհատուցման վերաբերեալ քաղաքականապես իրապաշտ առաջարկներով: Սա, իր հերթին, նախատեսում է արտաքին եւ ներքին քաղաքականութեան ամբողջական վերանայում, համազգային ինքնապաշտպանական ողջ ներուժի կենտրոնացում եւ կազմակերպում:
  -   Յօդուածներ