ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ՈՉ<br /> ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՕՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԹԻՒԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ՈՉ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՕՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԹԻՒԸ

  • 19-12-2007 19:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 18-ի դրութեամբ ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտօնագիր ստանալու համար Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն է դիմել 10400 մարդ: Այդ ցուցանիշը նախորդ տարուայ համեմատ գրեթէ անփոփոխ է մնացել: Այս մասին դեկտեմբերի 19-ի ասուլիսում յայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հիւպատոս Ռոբին Բյուսեն: Ըստ նրա, դիմորդների թիւը 1999թ.-ից սկսել է նուազել, իսկ վերջին երկու տարիներին` կայունանալ: Ռ.Բյուսեն նշեց նաեւ, որ վերջին 10 տարիների ընթացքում մերժուել է ոչ ներգաղթային արտօնագիր ստանալու դիմումների մօտ 60%-ը: Ըստ նրա, ԱՄՆ-ի Իմիգրացիայի մասին օրէնքով, վիզայի համար դիմող ցանկացած անձ համարւում է պոտենցիալ իմիգրանտ: Նրա խօսքերով, հարցազրոյցների անցկացման նպատակն է պարզել դիմորդի այն հաստատուն կապերը եւ հանգամանքները` անձնական, ֆինանսա-տնտեսական, անշարժ գոյքի սեփականութեան եւ այլն, որոնք կստիպեն նրան հետ վերադառնալ: Սակայն, Ռ.Բյուսեի խօսքերով, «իրենք հաշուի են առնում մարդու գիտակցութիւնը»: Այսինքն, դիմորդը կարող է ունենալ եկամտաբեր աշխատանք, սակայն չկարողանայ համոզիչ ներկայացնել իր ուղեւորութեան նպատակը: Հյուպատոսն ընդունում է, որ երբեմն իրենք էլ են սխալւում, սակայն վստահ է, որ հիմնականում ճիշտ որոշումներ են կայացնում: Ռ.Բյուսեն նշեց նաեւ, որ քիչ չեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր խախտում են արտօնագրի պայմանները ու աւելի երկար են մնում ԱՄՆ-ում կամ ընդհանրապես յետ չեն վերադառնում:
  -   Հասարակութիւն