ԵՄ-Ն ՀԻՄՆԵԼ Է «ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ»` ԵՒՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
14-12-2007 20:45:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիւսէլում
գագաթնաժողովի ժամանակ Եւրամիութեան անդամ 27 երկրների
կառավարությունների եւ պետութիւնների ղեկավարները հաւանութիւն են
տուել այսպէս կոչուած «իմաստունների խմբի» ստեղծմանը, որը քննութեան
կառնի ԵՄ զարգացման հարցերը: Այս մասին, ինչպէս հաղորդում է
«Նովոստի» գործակալութիւնը, ասւում է ԵՄ առաջնորդների
եզրակացութիւնների նախագծում:
«Իմաստունների խումբն» առաջարկել է ստեղծել Ֆրանսիայի նախագահ
Նիկոլա Սարկոզին, որը, մասնաւորապէս, վերլուծաբաններից սպասում է
եզրակացութիւններ ԵՄ յետագայ ընդլայնման անհրաժեշտութեան
վերաբերեալ` կապուած Թուրքիայի` կազմակերպութեանը ծրագրւող
անդամակցութեան հետ, ինչին նա դէմ է:
«Իմաստունների խորհրդի» կազմում կընդգրկուեն իննից ոչ աւելի
փորձագետներ, որոնք կներկայացնեն ԵՄ երկրներ: Խմբի անհատական կազմի
վերաբերեալ առաջարկներ պէտք է ներկայացուեն մինչեւ 2008 թուականի ԵՄ
գարնանային գագաթնաժողովը: Իրենց եզրահանգումները փորձագետները
պէտք է ներկայացնեն մինչեւ 2010 թուականի յունիս ամիսը: