Սերգօ Կարապետեանը յորդորել է սփիւռքահայ ֆերմերներին հնարաւորինս մասնակցել ՀՀ գիւղատնտեսութեան զարգացման ծրագրերին


Սերգօ Կարապետեանը յորդորել է սփիւռքահայ ֆերմերներին հնարաւորինս մասնակցել ՀՀ գիւղատնտեսութեան զարգացման ծրագրերին

  • 16-10-2011 12:24:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 16-ին` Գիւղատնտեսութեան աշխատողի օրը, ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի հիւրերն էին «Հայագրոֆորում» համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնուող սփիւռքահայ ֆերմերները, որոնք ներկայացնում էն Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Լիբանանը, Իրանը, Լեհաստանը, Լատուիան, ԱՄՆ -ն եւ Ֆրանսիան: Հանդիպմանը ներկայ էին նաեւ ԼՂՀ պատուիրակները: Ըստ նախարարութեան տարածած մամլոյ հաղորդագրութեան, շնորհակալութիւն յայտնելով առաջին անգամ անցկացուող հայ ֆերմերների համաժողովին մասնակցելու համար, Սերգօ Կարապետեանը կարեւորել է Հայաստան-սփիւռք համագործակցութիւնը Հայաստանի տնտեսութեան զարգացան գործում: «Պետական ու միջազգային կառոյցների հետ սերտ համագործակցութեան, ինչպէս նաեւ վերջին տարիներին իրականացուող նպատակային ծրագրերի շնորհիւ կարողացել ենք ապահովել որոշակի առաջընթաց: Գիւղատնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը նոր խթան կը հանդիսանայ ոլորտի զարգացման համար», - նշել է ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը` յորդորելով սփիւռքահայ գործարարներին հնարաւորինս մասնակցել հայրենի գիւղատնտեսութեան զարգացման ծրագրերին: Արտայայտելով եռօրեայ միջոցառումների կապակցութեամբ մասնակիցների գոհունակութիւնը` Լիբանանը ներկայացնող Եսայի Հաւատեանը մասնաւորապէս նշել է, որ նման ձեւաչափով համաժողովը շարունակութիւն պէտք է ունենա, եւ երկրի գիւղատնտեսութեան զարգացման վաղուայ օրը, իրօք, պայմանաւորուած է համազգային ջանքերով: Ելոյթ ունեցող միւս ֆերմերները նոյնպէս կարեւորեցին «Հայագրոֆորում» -ի ժամանակ ձեռք բերուած անմիջական շփումներն աւելի գործնական դարձնելը, շնորհակալութիւն յայտնելով ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանին համագործակցութեան նման հնարաւորութիւն ստեղծելու համար:
  -   Տնտեսութիւն