2012թ.-ի պետական բիւջէի նախագծի քննարկումը ԱԺ լիագումար նիստում ընդմիջուեց առնուազն չորս օրով


2012թ.-ի պետական բիւջէի նախագծի քննարկումը ԱԺ լիագումար նիստում ընդմիջուեց առնուազն չորս օրով

  • 17-11-2011 16:13:23   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի լիագումար նիստում աւարտեց 2012թ.-ի պետական բիւջէի նախագծի նախնական տարբերակի քննարկման փուլը: Խորհրդարանի լիագումար նիստում քննարկումը, ԱԺ կանոնակարգ-օրէնքի համաձայն, ընդմիջուեց առնուազն 4 օրով: Նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահ Սամուէլ Բալասանեանը յորդորեց պատգամաւորներին առաջիկայ 24 ժամում ներկայացնել նախագծի վերաբերեալ գրաւոր առաջարկութիւններ: Կառավարութիւնը վերսկսուելիք քննարկմանը կը ներկայացնի 2012թ.-ի պետբիւջէի լրամշակուած նախագիծը` հաշուի առնելով մշտական յանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերում քննարկման արդիւնքում պատգամաւորների կողմից ներկայացուած իր համար ընդունելի առաջարկները, նաեւ սեփական նախաձեռնութեամբ կատարուած ճշգրտումներն ու փոփոխութիւնները: Նախնական տարբերակով գալիք տարի եկամուտների ծաւալը ծրագրաւորուել է շուրջ 910 մլրդ դրամ, ծախսերը` 1տրիլիոն 42 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 132 մլրդ դրամ: 2011թ.-ի համար հաստատուած ցուցանիշների համեմատ եկամուտներն աւելի էն շուրջ 58 մլրդ դրամով, ծախսերը` 41.5 մլրդ դրամով, իսկ դեֆիցիտը` պակաս 16.1 մլրդ դրամով: Բիւջէի ընդամէնը եկամուտները Հնա-ի նկատմամբ ծրագրուած է 21.6 տոկոս, հարկային եկամուտներ/ ՀՆԱ` 17.6 տոկոս, բիւջէի դեֆիցիտ/ ՀՆԱ` 3.1 տոկոս: Ծախսերի ընդհանուր ծաւալի 46.1 տոկոսն ուղղուելու է սոցիալական բնագաւառին (կրթութիւն, առողջապահութիւն, սոցիալան ապահովութիւն), 19.8 տոկոսը` պաշտպանութեանը, հասարակական կարգի պահպանմանը եւ ազգային անվտանգութեան ապահովմանը, 13.2 տոկոս` տնտեսութեան ճիւղերին, 4.5 տոկոս` պետական պարտքի սպասարկմանը, 3.1 տոկոս` պետբիւջէից համայնքների բիւջէներին տրամադրուող ֆինանսական համահարթեցմանը, 13 տոկոս` այլ ծախսերին: 2012 թուականի հա¬մար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսւում է 4.2 տոկոս, դեֆլեատորը, այսինքն` ընդհանուր տնտեսութեան մէջ գների աճը` 4.6 տոկոս, իսկ գնաճի 12-ամսեայ թիրախը մնացել է անփոփոխ` 4 տոկոս +/- 1.5 տոկոս: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2012թ.-ի վերջին կանխատեսւում է 4.764 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թւում արտաքին պարտքը` շուրջ 4.1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 36.1 տոկոսը: 1 ԱՄՆ դոլարի փոխարժէքի հաշուարկային մեծութիւնը, որն, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանի, կանխատեսում չէ, այլ 2011թ.-ի սեպտեմբերի 1-ի դրութեամբ եղած ցուցանիշը եւ վերաբերում է միայն բիւջէին ու Կենտրոնական բանկի փոխառութիւններին, 367.5 դրամ է: Կառավարութեան ներկայացրած նախագիծը դրական գնահատեցին քաղաքական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ, «Բարգաւաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» խմբակցութիւնները: Ըստ նրանց, նախագիծը «իրատեսական եւ հաւասարակշռուած է»: Այս, ինչպէս նաեւ բիւջէի սոցիալական ուղղուածութեան մասին գնահատականներին համաձայն չէր խորհրդարանական ընդդիմութիւնը` ՀՅԴ-ն եւ «Ժառանգութիւն»-ը: Վերջինների անունից յայտարարուեց, որ խմբակցութիւնների վերաբերմունքը «դրական չէ»: «Ժառանգութեան» ներկայացուցիչ Արմէն Մարտիրոսեանն առանձին օրինակներով խօսեց 2008թ.-ից իշխանութիւնների եւ, մասնաւորապէս, կառավարութեան «խօսքի եւ գործիէ անհամապաստախանութեան, մակրոտնտեսական ցուցանիշների բարելաւման, թոշակների բարձրացման, աղքատութեան կրճատման վերաբերեալ տրուած խոստումների չկատարման, ինչպէս նաեւ հռչակած մեծածաւալ ծրագրերի, այդ թւում տարածաշրջանային տարբեր կենտրոնների ստեղծման, ձախողման մասին: «Մենք դէմ ենք քուէարկելու, եւ սրանով, այո', մենք նաեւ արտայայտում ենք մեր քաղաքական դիրքորոշումը ոչ միայն անցած գործունէութեան, այլեւ գալիք ծրագրումների վերաբերեալ»,- յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Արտուշ Շահբազեանը:
  -   Տնտեսութիւն