2012թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը ԱԺ լիագումար նիստում ընդմիջվեց առնվազն չորս օրով


2012թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը ԱԺ լիագումար նիստում ընդմիջվեց առնվազն չորս օրով

  • 17-11-2011 16:13:23   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի լիագումար նիստում ավարտեց 2012թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման փուլը: Խորհրդարանի լիագումար նիստում քննարկումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ընդմիջվեց առնվազն 4 օրով: Նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հորդորեց պատգամավորներին առաջիկա 24 ժամում ներկայացնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ: Կառավարությունը վերսկսվելիք քննարկմանը կներկայացնի 2012թ.-ի պետբյուջեի լրամշակված նախագիծը` հաշվի առնելով մշտական հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերում քննարկման արդյունքում պատգամավորների կողմից ներկայացված իր համար ընդունելի առաջարկները, նաեւ սեփական նախաձեռնությամբ կատարված ճշգրտումներն ու փոփոխությունները: Նախնական տարբերակով գալիք տարի եկամուտների ծավալը ծրագրավորվել է շուրջ 910 մլրդ դրամ, ծախսերը` 1տրիլիոն 42 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 132 մլրդ դրամ: 2011թ.-ի համար հաստատված ցուցանիշների համեմատ եկամուտներն ավելի են շուրջ 58 մլրդ դրամով, ծախսերը` 41.5 մլրդ դրամով, իսկ դեֆիցիտը` պակաս 16.1 մլրդ դրամով: Բյուջեի ընդամենը եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ ծրագրված է 21.6 տոկոս, հարկային եկամուտներ/ ՀՆԱ` 17.6 տոկոս, բյուջեի դեֆիցիտ/ ՀՆԱ` 3.1 տոկոս: Ծախսերի ընդհանուր ծավալի 46.1 տոկոսն ուղղվելու է սոցիալական բնագավառին (կրթություն, առողջապահություն, սոցիալան ապահովություն), 19.8 տոկոսը` պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանմանը եւ ազգային անվտանգության ապահովմանը, 13.2 տոկոս` տնտեսության ճյուղերին, 4.5 տոկոս` պետական պարտքի սպասարկմանը, 3.1 տոկոս` պետբյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցմանը, 13 տոկոս` այլ ծախսերին: 2012 թվականի հա¬մար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.2 տոկոս, դեֆլյատորը, այսինքն` ընդհանուր տնտեսության մեջ գների աճը` 4.6 տոկոս, իսկ գնաճի 12-ամսյա թիրախը մնացել է անփոփոխ` 4 տոկոս +/- 1.5 տոկոս: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2012թ.-ի վերջին կանխատեսվում է 4.764 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում արտաքին պարտքը` շուրջ 4.1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 36.1 տոկոսը: 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքի հաշվարկային մեծությունը, որն, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, կանխատեսում չէ, այլ 2011թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ եղած ցուցանիշը եւ վերաբերում է միայն բյուջեին ու Կենտրոնական բանկի փոխառություններին, 367.5 դրամ է: Կառավարության ներկայացրած նախագիծը դրական գնահատեցին քաղաքական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» խմբակցությունները: Ըստ նրանց, նախագիծը «իրատեսական եւ հավասարակշռված է»: Այս, ինչպես նաեւ բյուջեի սոցիալական ուղղվածության մասին գնահատականներին համաձայն չէր խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը: Վերջինների անունից հայտարարվեց, որ խմբակցությունների վերաբերմունքը «դրական չէ»: «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն առանձին օրինակներով խոսեց 2008թ.-ից իշխանությունների եւ, մասնավորապես, կառավարության «խոսքի եւ գործի» անհամապաստախանության, մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման, թոշակների բարձրացման, աղքատության կրճատման վերաբերյալ տրված խոստումների չկատարման, ինչպես նաեւ հռչակած մեծածավալ ծրագրերի, այդ թվում տարածաշրջանային տարբեր կենտրոնների ստեղծման, ձախողման մասին: «Մենք դեմ ենք քվեարկելու, եւ սրանով, այո’, մենք նաեւ արտահայտում ենք մեր քաղաքական դիրքորոշումը ոչ միայն անցած գործունեության, այլեւ գալիք ծրագրումների վերաբերյալ»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտուշ Շահբազյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play