Էդուարդ Շարմազանով. «ՀՀ նախագահի կողմից համաներման առաջարկ անելը համերաշխութեան եւ մարդասիրութեան դրսեւորում է»


Էդուարդ Շարմազանով. «ՀՀ նախագահի կողմից համաներման առաջարկ անելը համերաշխութեան եւ մարդասիրութեան դրսեւորում է»

  • 24-05-2011 19:39:25   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի առաջին հանրապետութեան ստեղծումն ու մայիսեան պատմական ճակատարմարտերում տարած յաղթանակը յաջորդ սերունդներին փոխանցեցին հետեւեալ խորհուրդը՝ յաղթանակը վերջնական է, երբ մշտարթուն է անկախութեան բնազդը եւ երբ ներդաշնակ են գործում զէնքն ու դիւանագիտութիւնը։ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստում այս մասին յայտարարեց Հանրապետական կուսակցութեան մամուլի քարտուղար եւ «ՀՀԿ» խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խօսքերով, հաւատարիմ մնալով այդ խորհրդին «մենք յաղթանակեցինք նաեւ արցախեան հերոսամարտում»։ Ըստ Է.Շարմազանովի, այդ տրամաբանութեան օրինաչափութեամբ էր պայմանաւորուած նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից համաներման առաջարկ անելը. այն միասնականութեան, համերաշխութեան եւ մարդասիրութեան վառ դրսեւորում է։ Ըստ Հհկ-ի ներկայացուցչի, արցախեան եւ հայ-թուրքական հիմնախնդիրների հարցում նախագահը եւս մէկ անգամ ցոյց տուեց, որ առաջնորդւում է միայն ու միայն ազգային շահի գերակայութեամբ։ «ՀՀԿ» խմբակցութեան մէկ այլ անդամ Արտակ Զաքարեանն էլ ընդգծեց. «Այսօր աստիճանաբար ամրապնդւում է այն մօտեցումը, որ Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնութիւնների գոյատեւման հանդէպ վստահութեան պաշարը։ Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարութեանը նոյնիսկ ներքին անվտանգութեան երաշխիքներ տալու»։
  -   Քաղաքական