Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում


Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

  • 06-01-2012 16:39:08   | Հայաստան  |  Հասարակութիւն
 Յունուարի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի` Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնը: Յունուարի 6-ին` Ժամը 1030-ին, խաչերով ու խաչվառներով պսակեալ հայրապետական թափօրը շարժուեց Վեհարանից` Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանին ամպհովանիով առաջնորդելով Մայր Տաճար, ուր տօնի առիթով մատուցուեց Հայրապետական Սբ. Պատարագ: Ամպհովանակիրներն էին` գեներալ-մայոր Տիգրան Գասպարեանը, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարեանը, գեներալ-մայոր Կամօ Քոչունցը եւ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյեանը: Սրբազան արարողութեան ժամանակ Նորին Սրբութեանը որպէս առընթերականներ սպասաւորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Յովնան եպիսկոպոս Յակոբեանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Պատարագի Սրբազան արարողութեան ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայութեանը Սբ. Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնի առիթով` վերստին փոխանցելով ամէնքին հրեշտակաբարբառ աւետիսը: Սբ. Պատարագից յետոյ Վեհափառ Հայրապետն ի յիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտութեան կատարեց Ջրօրհնէքի արարողութիւնը, որի ընթացքում աղօթքների ու շարականների ուղեկցութեամբ ս. Խաչով օրհնուեց ջուրը եւ սրբագործուեց սրբալոյս Միւռոնով: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնէքի Խաչի կնքահայրն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, «փիւնիկէ բարեգործական հիմնադրամի նախագահ տիար Գաբրիէլ Ջամբարջին: Սբ. Պատարագի արարողութեանը ներկայ էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսեանը, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամներ« ՀՀ ԱԺ պատգամաւորներ, կառավարութեան անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, Հայաստանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագէտներ, կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի ներկայացուցիչներ: Տօնական Սբ. Պատարագից յետոյ Ալէք եւ Մարի Մանուկեան Գանձատան սրահում տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ներկաներին ողջունեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստուածյայտնութեան աւետիսով` ասելով` Քրիստոս ծնաւ եւ եայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
  -   Հասարակութիւն