Կառավարութիւնում քննարկուել են հանրութեանը յուզող հարցեր


Կառավարութիւնում քննարկուել են հանրութեանը յուզող հարցեր

  • 01-03-2012 14:49:05   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 1-ի կառավարութեան հերթական նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն անդրադարձել է 2012թ. յունուարի 1-ից գրքերի գների բարձրացման խնդրին, ինչպէս նաեւ Ազգային ժողովում քննարկուող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Գոյքահարկի մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ կատարելու նախագծերի փաթեթին, որով առաջարկւում է հողի յարկ եւ գոյքահարկ վճարող անձանց ազատել չվճարուած գոյքահարկից եւ հողի յարկից, հաշուարկուած տոյժ-տուգանքներից: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, օրէնսդրական նախագծերի վերաբերեալ նշուել է, որ քննարկման ընթացքում նախագիծն էապէս բարելաւուել է, եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը նիստում ներկայացրել է այդ փոփոխութիւնները: Վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ իւրաքանչիւր համաներում առաջին հերթին հարուածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետեւ պետութիւնը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել: «աժ-ում առաջարկուող փոփոխութիւններն էապէս մեղմացնում են այդ խնդիրը: Իսկապէս, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտաւորութիւններ ունեն, եւ դրանք օբյեկտիւ պատճառներով են ձեւաւորուելէ, - յաւելել է վարչապետը: Տիգրան Սարգսեանը նաեւ տեղեկացրել է, որ նախօրէին Ազգային ժողովում Հայ յեղափոխական դաշնակցութեան խմբակցութիւնն արծարծել է Երեւան քաղաքում տրանսպորտի արդիւնաւէտ կազմակերպման նոր առաջարկութիւնների քննարկման հարցը: Մասնաւորապէս, պատգամաւորները նշել են, որ հայ գիտնականները մշակել են տարբերակներ, որոնք կարող են օգտակար լինել: Վարչապետը Երեւանի քաղաքապետին առաջարկել է այդ թեմայով կազմակերպել քննարկում, որին, բացի խմբակցութեան անդամներից, մասնակցեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հանրային խորհրդի անդամներն ու հայ գիտնականները: ՀՀ կառավարութիւնն ի գիտութիւն է ընդունել 2011 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դէմ պայքարի ուղղութեամբ կատարուած աշխատանքի հաշուետուութիւնը:
  -   Հասարակութիւն