Կառավարությունում քննարկվել են հանրությանը հուզող հարցեր


Կառավարությունում քննարկվել են հանրությանը հուզող հարցեր

  • 01-03-2012 14:49:05   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 1-ի կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է 2012թ. հունվարի 1-ից գրքերի գների բարձրացման խնդրին, ինչպես նաեւ Ազգային ժողովում քննարկվող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, հաշվարկված տույժ-տուգանքներից։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, օրենսդրական նախագծերի վերաբերյալ նշվել է, որ քննարկման ընթացքում նախագիծն էապես բարելավվել է, եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը նիստում ներկայացրել է այդ փոփոխությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետեւ պետությունը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել։ «ԱԺ-ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը։ Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, եւ դրանք օբյեկտիվ պատճառներով են ձեւավորվել», - հավելել է վարչապետը։ Տիգրան Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ նախօրեին Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունն արծարծել է Երեւան քաղաքում տրանսպորտի արդյունավետ կազմակերպման նոր առաջարկությունների քննարկման հարցը։ Մասնավորապես, պատգամավորները նշել են, որ հայ գիտնականները մշակել են տարբերակներ, որոնք կարող են օգտակար լինել։ Վարչապետը Երեւանի քաղաքապետին առաջարկել է այդ թեմայով կազմակերպել քննարկում, որին, բացի խմբակցության անդամներից, մասնակցեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հանրային խորհրդի անդամներն ու հայ գիտնականները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել 2011 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի հաշվետվությունը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play