Առաջիկայ մի քանի օրերի ընթացքում գրքերի գները կ'իջնեն մինչեւ թանկացումը եղած մակարդակին


Առաջիկայ մի քանի օրերի ընթացքում գրքերի գները կ'իջնեն մինչեւ թանկացումը եղած մակարդակին

  • 07-03-2012 16:18:31   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի կառավարութեան մարտի 7-ի հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսեանը յիշեցրել է, որ նախորդ նիստում անդրադարձ է եղել գրքերի թանկացմանը, պարզաբանուել, որ օրէնսդրութեան մէջ գրքերի գնաճ յարուցող որեւէ փոփոխութիւն չի կատարուել: Նիստում նաեւ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովին առաջարկուել էր ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել վերլուծութեան արդիւնքը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, յանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյեանը տեղեկացրել է, որ ուսումնասիրութեամբ պարզուել է, որ գրքերի գնի բարձրացումը հիմնականում պայմանաւորուած էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրէնսդրութեան մէջ կատարուած փոփոխութիւնների սխալ ընկալմամբ: «ի դէպ, մեր մոնիտորինգը ցոյց է տուել, որ բարձրացել են խիստ սահմանափակ թուով գրքերի գներ, - յաւելել է նա: - Ֆինանսների նախարարութիւնն արդէն տուել է համապատասխան պաշտօնական պարզաբանում, որն ամբողջութեամբ կարգաւորում է խնդիրը: Տնտեսվարողները գոհ են պաշտօնական պարզաբանումից, որի արդիւնքում համապատասխան փոփոխութիւններ կը կատարեն իրենց հաշուառման ընթացակարգերում, եւ դրա արդիւնքում առաջիկայ մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս մի քանի օրերի ընթացքում, կը վերադառնան նոյն մակարդակ: Այդուհանդերձ, օգտուելով առիթից` կոչ եմ անում բոլոր սպառողներին` եթէ կը տեսնեն, որ գրքերի գները, որոնք այս խնդրի կապակցութեամբ բարձրացել են, չեն փոխուի, կը մնան նոյն մակարդակին, անպայման դիմել յանձնաժողովինէ:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն առաջարկել է հետեւել իրադարձութիւնների զարգացմանը, որից յետոյ նորից անդրադառնալ այս խնդրին: Վարչապետը, դիմելով առողջապահութեան նախարարին, շեշտել է, որ բժիշկ-մասնագէտների ժամանակաւոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպութիւններում բժշկական ծառայութիւնների մատուցման ծրագիրը բաւական արդիւնաւէտ է: «Մեր մարզային այցելութիւնները ցոյց են տալիս, որ մարզերում սպասում են մեր բժիշկներին, եւ 2011 թ. նախարարութեան ներկայացրած հաշուետուութիւնը, որը ես նայեցի, այդ է վկայում: Կարծում եմ, որ 2012 թուականին մենք պէտք է նախապէս ծրագիր ունենանք, որովհետեւ համայնքներում իսկապէս սպասում են այս ծառայութեանը, որպէսզի իրենք էլ իմանան` մեր լաւագոյն բժիշկները երբ կը գործուղուեն մարզեր եւ ծառայութիւնները երբ կը ստանան, որպէսզի քաղաքացիներն էլ պլանաւօրէն` իրենք ինչպէս են այդ ծառայութիւնից օգտուելու: Օրինակ, Ագարակում մեր քաղաքացիները մեզ դիմում էին տարբեր ծառայութիւնների համար, ասում, որ ստիպուած են գնալ մարզային կենտրոն կամ Երեւան: Իսկ եթէ մենք իրենց յստակ ժամանակացոյց տանք, իրենք էլ կպլանաւօրէն, որովհետեւ դա, կարծում եմ, յաջողուած ծրագիր է եւ կ'արեւոր»:
  -   Հասարակութիւն