Առաջիկա մի քանի օրերի ընթացքում գրքերի գները կիջնեն մինչեւ թանկացումը եղած մակարդակին


Առաջիկա մի քանի օրերի ընթացքում գրքերի գները կիջնեն մինչեւ թանկացումը եղած մակարդակին

  • 07-03-2012 16:18:31   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի կառավարության մարտի 7-ի հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ նիստում անդրադարձ է եղել գրքերի թանկացմանը, պարզաբանվել, որ օրենսդրության մեջ գրքերի գնաճ հարուցող որեւէ փոփոխություն չի կատարվել։ Նիստում նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել էր ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել վերլուծության արդյունքը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ գրքերի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալմամբ։ «Ի դեպ, մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքերի գներ, - հավելել է նա։ - Ֆինանսների նախարարությունն արդեն տվել է համապատասխան պաշտոնական պարզաբանում, որն ամբողջությամբ կարգավորում է խնդիրը։ Տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում, եւ դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս մի քանի օրերի ընթացքում, կվերադառնան նույն մակարդակ։ Այդուհանդերձ, օգտվելով առիթից` կոչ եմ անում բոլոր սպառողներին` եթե կտեսնեն, որ գրքերի գները, որոնք այս խնդրի կապակցությամբ բարձրացել են, չեն փոխվի, կմնան նույն մակարդակին, անպայման դիմել հանձնաժողովին»։ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է հետեւել իրադարձությունների զարգացմանը, որից հետո նորից անդրադառնալ այս խնդրին։ Վարչապետը, դիմելով առողջապահության նախարարին, շեշտել է, որ բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ծրագիրը բավական արդյունավետ է։ «Մեր մարզային այցելությունները ցույց են տալիս, որ մարզերում սպասում են մեր բժիշկներին, եւ 2011 թ. նախարարության ներկայացրած հաշվետվությունը, որը ես նայեցի, այդ է վկայում։ Կարծում եմ, որ 2012 թվականին մենք պետք է նախապես ծրագիր ունենանք, որովհետեւ համայնքներում իսկապես սպասում են այս ծառայությանը, որպեսզի իրենք էլ իմանան` մեր լավագույն բժիշկները երբ կգործուղվեն մարզեր եւ ծառայությունները երբ կստանան, որպեսզի քաղաքացիներն էլ պլանավորեն` իրենք ինչպես են այդ ծառայությունից օգտվելու։ Օրինակ, Ագարակում մեր քաղաքացիները մեզ դիմում էին տարբեր ծառայությունների համար, ասում, որ ստիպված են գնալ մարզային կենտրոն կամ Երեւան։ Իսկ եթե մենք իրենց հստակ ժամանակացույց տանք, իրենք էլ կպլանավորեն, որովհետեւ դա, կարծում եմ, հաջողված ծրագիր է եւ կարեւոր»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play