«Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ». Կիրանցի գյուղապետ


«Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ». Կիրանցի գյուղապետ

  • 16-05-2024 14:41:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Իջևան համայնքի Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով, հայտարարեց՝ ինքը ժողովրդի հետ է։
 
«Ուզում եմ հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում ասել, տա՞մ այդ հրաժարականը, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց Կիրանցի գյուղապետը՝ դիմելով բնակիչներին։
 
Գյուղացիները նշեցին՝ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։ Տղամարդկանցից մեկն առաջարկեց. «Դու մնում ես քո տեղը, հրաժարականի միտք ես չեմ տեսնում»։
 
«Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր, մեզ հետ կանգնիր մինչև վերջ ու գյուղը պահիր»,-ասաց հավաքվածներից մեկը:
 
Գյուղապետը շեշտեց, որ սկզբից էլ ժողովրդի կողքին է եղել ու մինչև վերջ էլ ժողովրդի հետ է լինելու:
 
«Մեռնեմ էլ իմ ժողովրդի հետ եմ մեռնելու, ապրեմ էլ իմ ժողովրդի հետ եմ ապրելու: Կառավարությունից մարդ է գալիս Իջևան և ուզում է ակտիվ բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել ու խոսել, եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։
 
Բնակիչներն էլ հայտարարեցին՝ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ խոսելու տեղ ունեն, Իջևան չեն գնալու։
 
Կիրանցեցիները հրաժարվում են Ադրբեջանին հանձնվելիք իրենց տների, հողերի դիմաց կառավարության խոստացած փոխհատուցումից, նշում են՝ իրենք թշնամուն տուն ծախող չեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը