Տարօն Մարգարեան.«Սրտացաւ եւ հետեւողական աշխատանքի արդիւնքում բոլոր հարցերը լուծում կը ստանան»


Տարօն Մարգարեան.«Սրտացաւ եւ հետեւողական աշխատանքի արդիւնքում բոլոր հարցերը լուծում կը ստանան»

  • 03-04-2012 17:56:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում: Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը 2012 թուականի շին բարեկարգման ծրագրով նախատեսուած աշխատանքների ընթացքին անձամբ ծանօթանալու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարում մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում հերթականը Էրեբունի վարչական շրջանն էր: Տարօն Մարգարեանը նախ ծանօթացել բակերում, հանգստի գօտիներում, այգիներում եւ պուրակներում իրականացուող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրուող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին յանձնարարել է հաշուի առնել բնակիչների առաջարկները եւ նրանց եւս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացուող ծրագրերին: Արցախի 8 հասցէի բակում քաղաքապետի այցելութեան պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ամբողջութեամբ բարեկարգւում եւ կանաչապատւում են նաեւ գուրգէն Մահարի 39 եւ Ազատամարտիկների 76 շէնքերի բակերը: Այստեղ կը տեղադրուեն նոր զրուցարաններ եւ նստարաններ, իսկ փոքրիկների համար կը կառուցուեն խաղահրապարակներ: Ի դէպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակութիւնն են յայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապէս առաջնահերթ խնդիր է եւ վստահեցրել են, որ խնամքով կը վերաբերեն իրենց բակերին: Տարօն Մարգարեանն էլ խոստացել է բակերի բարեկարգման աւարտից յետոյ կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտօնական բացումը: Վարչական շրջանի պատասխանատուներն էլ զեկուցել են, որ տարուող աշխատանքների ընթացքը մշտական հսկողութեան տակ է եւ վստահեցրել են, որ դրանք կ'աւարտուեն սահմանուած ժամկէտում: Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաեւ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացւում: Քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգուող Նոր Արեշ 44 փողոցում կատարուող աշխատանքներին տեղում հետեւել է նաեւ Տարօն Մարգարեանն ու համոզուել, որ դրանք ընթանում են լայն թափով եւ, որ կարեւոր է, աւելի քան 30 տարի նորոգման կարիք ունեցող այս փողոցի բնակիչները եւս գոհ են աշխատանքից: Քաղաքապետն այցելել է նաեւ վարչական շրջանի Մանկական այգի, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս այգու բարեկարգման խոստումը Տարօն Մարգարեանը տուել էր բնակիչներին նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպուած ծառատունկի ժամանակ: Ըստ այդմ ամբողջութեամբ փոխւում, արդիականացւում է արտաքին լուսաւորութեան ցանցը, բարեկարգւում եւ կանաչապատւում է այգու ողջ տարածքը: Ծրագրի համաձայն, այգին կ'ունենայ նաեւ ոռոգման նոր համակարգ: <<Այս այգին, ըստ էութեան, Էրեբունու բնակիչների ամենասիրուած հանգստի գօտիներից մէկն է: Մօտ մէկ ամսից կ'աւարտենք աշխատանքներն ու այգին կը յանձնենք մեր բնակիչներին:>>,-նշել է Տարօն Մարգարեանն ու յաւելել, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարուայ շին բարեկարգման ծրագրերը հիմնականում ուղղուել են հէնց այդ նպատակին: Քաղաքապետի պահանջն այս հարցում յստակ է. աշխատել մէկ ընտանիքի նման եւ բարեկարգել ու գեղեցկացնել մեր մայրաքաղաքը. <<Ամէն տարի մենք աւելացնում ենք բարեկարգուող բակային տարածքների թիւը: Եւս մի քանի տարի եւ բարեկարգ կը լինեն մայրաքաղաքի բոլոր բակերը: Միայն այս տարուայ ընթացքում ամէն վարչական շրջանում նախատեսել են բարեկարգել 20-30 բակ>>,-ընդգծել է Տարօն Մարգարեանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտինում են, շրջայցից յետոյ քաղաքապետը աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մասնաւորապէս կարեւորել է բնակիչների բարձրացրած հարցերին ականջալուր լինելն ու դրանց արագ արձագանքելը: Տարօն Մարգարեանը համոզմունք է յայտնել, որ սրտացաւ եւ հետեւողական աշխատանքի արդիւնքում բոլոր հարցերը լուծում կը ստանան եւ յաջորդ այցելութեանն արդէն վարչական շրջանում պատկերը աւելի լաւը կը լինի: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Տնտեսութիւն