Կարէն Անդրէասեան. Ես դէմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրութեանը, բայց մարդասէր հայը չի կարող քարերով արտայայտել իր անհամաձայնութիւնը


Կարէն Անդրէասեան. Ես դէմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրութեանը, բայց մարդասէր հայը չի կարող քարերով արտայայտել իր անհամաձայնութիւնը

  • 17-04-2012 10:44:47   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

«Բռնութիւնը ցանկացած անձի նկատմամբ անխօս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնութիւնը յատուկ առաքելութեամբ գործող անձանց` այդ թւում իրաւապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ»,-մասնաւորապէս ասուած է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանի` ի պաշտպանութիւն նախօրէին յարձակման ենթարկուած Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի իրաւապաշտպանների, յայտարարութեան մէջ: Ստորեւ ներկայացնում ենք ՄԻՊ յայտարարութիւնն ամբողջութեամբ. «Լոռու մարզի արագ արձագանքման մեր աշխատակիցներից երէկ ցաւով տեղեկացանք, որ եղել է յարձակում Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի իրաւապաշտպանների վրայ: Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի յայտարարութեան համաձայն, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրութեանը դէմ արտայայտուող քաղաքացիներից ոմանք քարեր են նետել իրաւապաշտպան կազմակերպութեան գրասենեակի ուղղութեամբ, հայհոյել են, վնասել գոյքը եւ նոյնիսկ վնասել կազմակերպութեան աշխատակիցներից մէկին: Բռնութիւնը ցանկացած անձի նկատմամբ անխօս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնութիւնը յատուկ առաքելութեամբ գործող անձանց` այդ թւում իրաւապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ: Բռնութիւնը իրաւապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ յանցագործութիւն է, այլեւ խարան եւ ամօթ հասարակութեան համար: Առաւել ամօթ կը լինի, եթէ նման գործողութիւնները չստանան հասարակութեան համարժէք արձագանքը, իսկ իրաւապահ մարմինները լիարժէքօրէն չպաշտպանեն իրաւապաշտպաններին եւ չպատժեն մեղաւորներին` օրէնքի ողջ խստութեամբ: Ես դէմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրութեանը` յատկապէս ներկայ իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամէնուրեք դրսեւորում են ատելութիւն մեր նկատմամբ, յատկապէս վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսեւորմամբ զարմացրեց եւ զայրացրեց շատ եւրոպացիների: Մենք մեզ տեսնում ենք եւրոպացի: Մեր ձգտումները յստակօրէն ուղղորդուած են դէպի Եւրոպան: Մեր քրիստոնէական եւ ազգային արժէքները մեզ միշտ են ուղղորդել դէպի մարդասիրութիւն եւ հանդուրժողականութիւն: Չի կարող իրական քրիստոնեան, մարդասէր հայը, ժամանակակից եւրոպացին քարերով արտայայտել իր անհամաձայնութիւնը: Չի կարող մեր քրիստոնէական հաւատամքով, սահմանադրական արժէքներով եւ օրէնքի տառով գործող իրաւապահը անտարբեր լինել նման անընդունելի յարձակման դէպքում եւ շուտափոյթ չբացայայտել ու չպատժել կատարուած յանցագործութեան մեղաւորներին»:
  -   Մարդու իրաւունքներ