Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Միլանի նահանգապետին


Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Միլանի նահանգապետին

  • 23-04-2012 17:42:56   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Միլանի նահանգապետ Գուիդոյ Պոդեստային, ով Երեւանում է գտնւում «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»միջոցառումների շրջանակներում: Ողջունելով հիւրին` նախարար Նալբանդեանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչութիւնները դարերի պատմութիւն ունեն եւ լաւ հիմք են ապահովում արդիւնաւէտ եւ բազմաոլորտ համագործակցութիւն ծաւալելու համար: Դրա լաւագոյն վկայութիւնն են անցեալ տարուայ դեկտեմբերին ՀՀ Նախագահի այցը Իտալիա եւ այցելութեան ընթացքում բարձր ձեռք բերուած պայմանաւորուածութիւները: «Հայաստանը շահագրգռուած է Իտալիայի հետ բազմաբնոյթ կապերի ընդլայնմամբ եւ խորացմամբ, մեր երկու երկրների միջեւ հաստատուել է ակտիւ քաղաքական երկխօսութիւն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցութիւնը առեւտրատնտեսական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ապակենտրոնացուած համագործակցութիւնը, գոհունակութեամբ կարող ենք նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի քաղաքների ու շրջանների միջեւ հաստատուել են բարեկամական կապեր, իրականաւում են փոխայցելութիւններ, կենսագործւում են համատեղ ծրագրեր, ինչն աւելի է ակտիւացել յատկապէս վերջին տարիներին.,- ընդգծեց Նալբանդեանը: Զրուցակիցները անդրադարձան Իտալիայի Միլան նահանգի եւ Հայաստանի Կ'ոտայքի մարզի միջեւ համագործակցութեանը եւ դրա ընդլայնման հնարաւորութիւններին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, կողմերը քննարկեցին տնտեսական փոխգործակցութեան ընդլայնմանն ուղղուած քայլերը` ընդգծելով Միլան նահանգի տնտեսական ներուժը: Երկուստէք յատուկ նշեց հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական յարաբերութիւններում:
  -   Քաղաքական