Քսան տարի առաջ` այս օրը, Հայաստանի առաջին գումարման Գերագոյն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախութեան մասին» հռչակագիրը
23-08-2010 09:50:42 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ առաջին գումարման Գերագոյն խորհուրդն առաջին նստաշրջանում` 1990թ.-ի օգոստոսի 23-ին, ընդունեց «Հայաստանի անկախութեան մասին» հռչակագիրը, որով հռչակուեց անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապէս յետոյ` օգոստոսի 24-ին, հիմնուելով «Հայաստանի անկախութեան մասին» հռչակագրի վրայ, ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը վերանուանել Հայաստանի Հանրապետութիւն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագոյն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետութեան առաջին գումարման Գերագոյն խորհուրդ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը`
արտայայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը,
գիտակցելով իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում,
ելնելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից,
կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական Խսհ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ,
զարգացնելով 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները,
խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:
1. Հայկական Խսհ-ն վերանուանւում է Հայաստանի Հանրապետութիւն, կրճատ` Հայաստան:
Հայաստանի Հանրապետութիւնն ունի իր դրօշը, զինանշանը եւ հիմնը:
2. Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութիւն է` օժտուած պետական իշխանութեան գերակայութեամբ,
անկախութեամբ, լիիրաւութեամբ:
Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում գործում էն միայն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը եւ օրէնքները:
3. Հայոց պետականութեան կրողը Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդն է, որն իր իշխանութիւնը իրագործում է անմիջականորոն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան եւ օրէնքների հիման վրայ:
Հանրապետութեան ժողովրդի անունից հանդէս գալու իրաւունքը պատկանում է բացառապէս Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդին:
4. Հայաստանի Հանրապետութեան տարածքում բնակուող բոլոր քաղաքացիների համար սահմանւում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն:
Արտերկրի հայութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան իրաւունք ունի:
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները գտնւում էն նրա պաշտպանութեան եւ աջակցութեան ներքոյ:
Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրաւահաւասար զարգացումը` անկախ ազգութիւնից, ռասայական պատկանելութիւնից եւ դաւանանքից:
5. Հայաստանի Հանրապետութիւնը իր անվտանգութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագոյն խորհրդին ենթակայ սեփական զինուած ուժեր, ներքին զօրքեր, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմիններ:
Հայաստանի Հանրապետութիւնը ունի ԽՍՀՄ սպառազինութեան իր մասնաբաժնի իրաւունքը:
Հայաստանի Հանրապետութիւնն ինքն է որոշում իր քաղաքացիների զինուորական ծառայութեան կարգը:
Այլ երկրների զօրամիաւորումները, նրանց ռազմական բազաները եւ շինութիւնները կարող էն տեղաբաշխուել Հայաստանի Հանրապետութեան տարածքում միայն նրա Գերագոյն խորհրդի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը կարող էն օգտագործուել միայն նրա Գերագոյն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականութիւն, անմիջական յարաբերութիւններ է հաստատում այլ պետութիւնների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմաւորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպութիւնների գործունէութեանը:
7. Հայաստանի Հանրապետութեան ազգային հարստութիւնը` հողը, ընդերքը, օդային տարածութիւնը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտաւոր, մշակութային կարողութիւնները, նրա ժողովրդի սեփականութիւնն է:
Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշւում է Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով:
Հայաստանի Հանրապետութիւնը ունի ԽՍՀՄ ազգային հարստութեան, այդ թւում` ոսկու պաշարների, ալմաստի եւ վալիւտային ֆոնդերի մասնաբաժնի իրաւունք:
8. Հայաստանի Հանրապետութիւնը սեփականութեան բազմաձեւութեան հիման վրայ որոշում է իր տնտեսավարման սկզբունքները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայութիւններ:
9. Հայաստանի Հանրապետութիւնը իր տարածքում ապահովում է`
խօսքի, մամուլի, խղճի ազատութիւն.
օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատում.
բազմակուսակցութիւն, կուսակցութիւնների իրաւահաւասարութիւն, իրաւապահ մարմինների եւ զինուած ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետութիւնը ապահովում է հայերէնի, որպէս պետական լեզուի, գործառութիւնը Հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:
12. Սոյն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան մշակման, իսկ գործող սահմանադրութեան մէջ փոփոխութիւնների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունէութեան, Հանրապետութեան նոր օրէնսդրութեան մշակման համար:
Հայաստանի Հանրապետութեան
Գերագոյն խորհրդի նախագահ` Լ. Տէր-պետրոսեան
Հայաստանի Հանրապետութեան
Գերագոյն խորհրդի քարտուղար` Ա. ՍԱՀԱԿԵԱՆ
23 օգոստոսի 1990 թուականի,
քաղ. Երեւան