Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունէութեան գնահատականը


Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունէութեան գնահատականը

  • 11-05-2012 17:06:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 11-ին տեղի ունեցաւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: ԱԺ նախագահ Սամուէլ Նիկոյեանը նախ ներկայացրեց, թէ ինչ քայլեր են կատարուել նախորդ նիստում բարձրացուած հարցերին լուծում տալու ուղղութեամբ: Մասնաւորապէս նշուեցին այն միջոցառումները, որոնք ձեռնարկուել են ընտրողների անձնագրերի վրայ դրուող դրոշմակնիքների` սահմանուած ժամկէտից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպէս նաեւ ուսումնական հաստատութիւններում քարոզչական բնոյթի միջոցառումներ կազմակերպման հարցերի վերաբերեալ: Ներկայացուեցին խմբի գործունէութեան շրջանակներում իրականացուած միւս աշխատանքները եւս, որոնք թէ տեղի, թէ արտասահմանցի մասնակիցների կողմից գնահատուեցին դրական: Առաջարկներ արուեցին այս ձեւաչափով աշխատանքներ յետագայում եւս կազմակերպելու նպատակայարմարութեան մասին: Պարոն Նիկոյեանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի կարեւոր առաքելութիւններից մէկն Ընտրական օրէնսգրքի նոր դրոյթների կիրարկման մոնիթորինգն էր, բացայայտելը, թէ որքանով են դրանք կենսունակ բուն ընտրական գործընթացներում: Հնչեցին տարբեր դիտարկումներ, որոշուեց եղած առաջարկները գրաւոր հաւաքագրել եւ համապատասխան կարգով ներկայացնել հինգերորդ գումարման Ազգային ժողովին: ԱԺ նախագահը շնորհակալութիւն յայտնեց բոլոր կողմերին շահագրգիռ մասնակցութեան եւ արդիւնաւէտ համագործակցութեան համար: Նա յատկապէս կարեւորեց հասարակական կազմակերպութիւնների ակտիւ գործունէութիւնը` ընդգծելով յետագայում եւս նրանց ներուժը խորհրդարանի աշխատանքներում ամենայնս օգտագործելու նպատակայարմարութիւնը: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որոշուեց ԱԺ նախագահին կից մոնիթորինգային յանձնաժողովի կատարած աշխտանքների կապակցութեամբ հանդէս գալ միասնական յայտարարութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն