Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների<br /> Արցախ այցելելու որոշումը<br />


Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների
Արցախ այցելելու որոշումը

  • 11-06-2010 20:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յունիսի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամաւորների, ովքեր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ են այցելել հայ-ֆրանսիական պատգամաւորական խմբի համաղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի նախաձեռնութեամբ: Ողջունելով հիւրերին, Ս.Սարգսեանն ընդգծել է, որ յատկապէս բարձր է գնահատում Արցախ այցելելու նրանց որոշումը: «Դա ձեզ հնարաւորութիւն է տուել տեղում ծանօթանալու իրադրութեանը, լսելու Ղարաբաղի ղեկավարութեան, հասարակ մարդկանց կարծիքը, պատկերացում կազմելու նրանց ձգտումների եւ հաղթահարելիք մարտահրավերների մասին: Եվ այդ ամէնը ձեզ հնարաւորութիւն կընձեռի համապատասխան քննարկումների ժամանակ ներկայացնել ոչ թէ միջնորդաւորուած տեղեկատուութիւն, այլ այն, ինչ դուք անձամբ եք տեսել եւ լսել»,- ասել է նա: Ֆրանսիացի խորհրդարանականները Ս.Սարգսեանին պատմել են իրենց տպավորությունների մասին: Նրանք ասել են, որ անչափ մեծ է տարբերութիւնը Արցախի շուրջ մինչ այցն ունեցած իրենց պատկերացումների եւ փաստացի տեսածի միջեւ` յօգուտ վերջինիս: Նրանց խօսքերով, ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ձգտում են ժողովրդավարական կանոններով կազմակերպել հասարակական կեանքը, ինչի վկայութիւններից է նաեւ վերջերս անցկացուած հերթական ԱԺ ընտրութիւնները: Հիւրերը նշել են, որ յատկապէս տպավորված են այն բանով, թէ ինչ անվտանգ, ապահով եւ խնամված է Ստեփանակերտը, ինչը բնորոշ չէ պատերազմի վտանգի ներքոյ ապրող քաղաքներին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ֆրանսիացի պատգամաւորներին Հայաստանի եւ Արցախի հանդէպ նրանց ցուցաբերած մշտական հետաքրքրութեան համար` ասելով, որ խորհրդարանական համագործակցութիւնը երկկողմ կապերի զարգացման, փոխըմբռնման եւ վստահութեան ձեւաւորման լաւագոյն միջոցներից է:
  -   Քաղաքական