ՀՀ նախագահին իր հաւատարմագրերն է յանձնել ՀՀ-ում Բելգիայի Թագաւորութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանը


ՀՀ նախագահին իր հաւատարմագրերն է յանձնել ՀՀ-ում Բելգիայի Թագաւորութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանը

  • 13-07-2012 14:00:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին յուլիսի 13-ին իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Բելգիայի Թագաւորութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Գի Տրոււըրուան (նստավայրը` Մոսկուա): Նախագահը շնորհաւորել է դեսպանին պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ: Սերժ Սարգսեանը գոհունակութեամբ է նշել, որ հայ-բելգիական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, եւ Հայաստանը շահագրգռուած է այդ յարաբերութիւնները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առաւել զարգացնելու գործում: Հանրապետութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել Բելգիայի իշխանութիւններին եւ ժողովրդին` անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցութեան, նաեւ բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապէս բարեացակամ վերաբերմունքի համար: Սերժ Սարգսեանը երախտագիտութեամբ է խօսել անցեալ դարասկզբին ցեղասպանութիւնից փրկուած մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու եւ ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին: Նախագահն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչումը: Դեսպան Գի Տրոււըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապէս կարեւորել է Բելգիայի հայ համայնքի դերը` ընդգծելով, որ իր երկրում նաեւ այդ համայնքի շնորհիւ մեծ յարգանքով եւ համակրանքով են վերաբերւում հայ ժողովրդին եւ նրա հարուստ պատմութեանն ու մշակոյթին: Հանդիպմանը երկուստէք կարեւորուել է միջազգային կազմակերպութիւնների, ԵՄ Արեւելեան գործընկերութեան ծրագրի շրջանակներում եւս հայ-բելգիական համագործակցութեան զարգացումը:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն