ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը


ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

  • 13-07-2012 14:00:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առավել զարգացնելու գործում: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին եւ ժողովրդին՝ անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցության, նաեւ բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար: Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել անցյալ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու եւ ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին: Նախագահն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը: Դեսպան Գի Տրուվըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորել է Բելգիայի հայ համայնքի դերը՝ ընդգծելով, որ իր երկրում նաեւ այդ համայնքի շնորհիվ մեծ հարգանքով եւ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին եւ նրա հարուստ պատմությանն ու մշակույթին: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում եւս հայ-բելգիական համագործակցության զարգացումը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play