Սեպտեմբերի 17-ին ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանն աշխատանքային հանդիպում ունեցաւ «Հէյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ» կազմակերպութեան փոխնախագահ, ֆինանսական կառավարիչ Ռոբերտ Բլումի եւ ՀՀ-ում գրասենեակի տնօրէն Այ. Ղազանչեանի հետ:
Նախարարն ողջունելով հիւրերին` բարձր գնահատեց մինչ օրս կազմակերպութեան կողմից Հայաստանում իրականացուած ծրագրերի արդիւնաւէտութիւնը եւ համոզմունք յայտնեց, որ դրանք կը կրեն շարունակական բնոյթ:
«Մենք զարգացման մեծ հեռանկարներ ունենք, եւ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարեւոր նշանակութիւն ունի տարածաշրջանի համար: Վերջին տարիների ընթացքում պետութիւնն առաւել մեծ ուշադրութիւն է դարձնում գիւղատնտեսութեան զարգացմանը: Բոլոր ուղղութիւններով մեծ ներդրումներ են իրականացւում եւ պետութեան կողմից պատշաճ աջակցութիւն է ցուցաբերւում գիւղացիական տնտեսութիւնների զարգացմանը: Համաշխարհային բանկի հետ համատեղ «Հէյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ»-ի համաֆինանսաւորմամբ Հայաստանում իրականացուող արօտավայրերի բարելաւման եւ կառավարման ծրագիրը թերեւս լաւագոյններից է, որը նպատակ ունի նուազեցնել աղքատութեան մակարդակը հանրապետութեան բարձր լեռնային բնակավայրերում եւ ընդլայնել կենդանական ծագման գիւղատնտեսական մթերքների արտադրութեան ծաւալները»,- նշեց նա:
Պրն. Բլումը շնորհակալութիւն յայտնելով հանդիպման համար, տեղեկացրեց, որ լինելով ծրագրում ընդգրկուած մի շարք համայնքներում, տպաւորուած է աշխատանքների ընթացքով եւ արդիւնաւէտ գնահատեց դրանց իրականացումը:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին ծրագրի երկրորդ փուլին առնչուող հարցեր, մասնաւորապէս շօշափուեց համայնքների թուի աւելացման խնդիրը, որին պարոն Բլումը դրականօրէն արձագանքեց:
Համագործակցութեան ուղղութիւնների ընդլայնման համար նախարարն առաջարկեց ուսումնասիրել ՀՀ-ում գիւղացիական կօօպերատիւների ստեղծման, ինչպէս նաեւ գիւղատնտեսական մթերքների բացօթեայ տօնավաճառների աւելացմանն աջակցելու հնարաւորութիւնները:
Պրն. Բլումը պատրաստակամութիւն յայտնեց մանրամասն ուսումնասիրել ներկայացուած առաջարկները եւ տեղեկացնել ընդունուած որոշումների մասին: