Ֆրանտիշէկ Շեբէյ. Համայն մարդկութեան աչքերի առջեւ վաճառուեց արդարադատութիւնը


Ֆրանտիշէկ Շեբէյ. Համայն մարդկութեան աչքերի առջեւ վաճառուեց արդարադատութիւնը

  • 25-09-2012 11:05:08   |   |  Մամլո հաղորդագրություն

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլոյ քարտուղարութիւնից յայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրգորեանը հանդիպել է Սլովակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ արտաքին յարաբերութիւնների դէպարտամենտի նախագահ, յայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշէկ Շեբէյին: Ֆրանտիշէկ Շեբէյը Սլովակիայի հունգարական MOST-HIT կուսակցութեան պառլամենտական ներկայացուցիչներից է: Հանդիպման ընթացքում քննարկուեց պարոն Շեբէյի Հայաստան ապագայ այցի հարցը եւ հունգար-ադրբեջանական կայացած գործարքի շուրջ պարոն Շեբէյի կարծիքը: Վերջինս չափազանց կտրուկ պախարակեց Հունգարիայի կառավարութեան եւ մասնաւորապէս վարչապետ Օրբանի գործելաձեւն ու կատարուածն անուանեց 21-դ դարում քաղաքակիրթ երկրի համար անյարիր: Ըստ պարոն Շեբէյի աւելի ստոր գործարք ուղղակի անհնարին է պատկերացնել: Եթէ Ադրբեջանից կարելի է սպասել ամէն ինչ, ապա Եմ-ը ներկայացնող Հունգարիայի կողմից այսպիսի խաբեբայութիւն ուղղակի անհաւատալի էր ակնկալել: Ըստ պարոն Շեբէյի ոչինչ այլեւս չի կարող փրկել եւ կամ արդարացնել կատարուածը, քանի որ համայն մարդկութեան աչքերի առջեւ վաճառուեց արդարադատութիւնը: Պարոն Աշոտ Գրիգորեանի այն հարցին, թէ չէք կարծում արդեօք, որ պետական կոռուպցիայի կողքին տեղի է ունեցել նաեւ անձնական շահագրգռուածութեան բաւարարում վարչապետ Օրբանի եւ նրա կողմնակիցների կողմից, պարոն Շեբէյը յայտարարեց, որ անկասկած այդպիսի կոռուպցիայի մէջ կարող են չմեղադրուել միայն կառավարութեան այն անդամները, որոնք դատապարտել են կատարուածը եւ նոյնիսկ դրան դէմ են հանդէս եկել ժամանակին: Օրինակ, Հունգարիայի ԱԳ նախարար Եանոշ Մարտօնին: Մնացած բոլորին կարելի է կասկածել եւ անկասկած պատասխան պահանջել: Պարոն Շեբէյը պատրաստ է Հայաստան այցի ժամանակ պաշտօնապէս փոխանցելու իր կարծիքը ՀՀ ԱԺ ղեկավարութեանը: ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն 25.09.2012թ.
  -   Մամլո հաղորդագրություն