Նունէ Կարապետեան. Լուծումը պէտք է կոնկրէտ պետական ուղղուածութիւն ունենա
09-11-2012 12:40:51 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Նոյեմբերի 3-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեան տարածած տեսանիւթը, որը պատմում էր ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Արթուր Քոչարեանի առողջական վիճակի եւ նրա ծնողների անյոյս վիճակի մասին, մի շարք կարեւոր հարցեր երեւան հանեց: Տեսանիւթի տարածումից յետոյ պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ` նշելով, որ ինքը գործել է օրէնքի շրջանակենրում. «Ինչպէս Ա. Քոչարեանի, այնպէս էլ` իւրաքանչիւր զինծառայողի համար անվճար, որակեալ բուժօգնութիւնը կազմակերպւում է միայն Հայաստանում` ՊՆ գերատեսչական բուժհիմնարկութիւններում, յարկ եղած դէպքում` ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշուին` բուժման ծախսերի յետագայ փոխհատուցմամբ, որի կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը (ՀՀ օրէնքը զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին, յօդուած 33)»,- ասւում էր նախարարութեան կողմից տարածուած հաղորդագրութեան մէջ: Հիմնաւորումը զուտ օրէնքի տեսանկիւնից, ի հարկէ, փաստարկուած է, սակայն մի քանի հարցեր են առաջ գալիս այստեղ:
Այս դէպքից յետոյ պարզ դարձաւ, որ Հայաստանի տարածքում չկայ այնպիսի բուժհիմնարկ, որը կ'իրականացնի Արթուր Քոչարեանի եւ նրա հիւանդութեամբ աշխտորոշուած անձանց բուժումը, միւս կողմից էլ, ինչպէս նշուած էր` օրէնքը թոյլ է տալիս բուժումը կազմակերպել միայն ՀՀ տարածքում գործող բուժհաստատութիւններում, խօսք անգամ չկայ արտասահմանեան բուժհիմնարկներից օգտուելու կամ էլ որեւէ համաձայնագրի մասին, որը հնարաւորութիւն կը տար նման ախտորոշմամբ հիւանդներին տեղափոխել արտերկիր: Ահա, իրար հակասող երկու գործօն:
Ստացւում է, որ մենք կարեւորագոյն խնդիրների առջեւ ենք կանգնած, որոնց պատճառով, այդպէս էլ համապատասխան բուժում չստանալով, զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք են մահանում: Առաջինը բուժսպասարկման հիմնարկների պակասն է, կամ որակը, իսկ երկրորդը` օրէնսդրական բացը: Այսպիսով` նմանաբնոյթ դէպքերից խուսափելու համար հարկաւոր է, որ կամ ստեղծուի համապատասխան բուժհաստատութիւն, կամ էլ օրէնսդրօրէն ապահովուի հիւանդ զինծառայողների եւ ընդհանրապէս քաղաքացիների արտասահմանում բուժելու իրաւունքը:
Տարեկան նման դէպքերը մեր երկրում մի քանիսն են, ի հարկէ դրանք կանխաւ պլանաւորել հնարաւոր չէ: Սակայն կառավարութիւնը միթէ՞ չի կարող առողջապահութեան ոլորտի միջոցով նախատեսել հազուադէպ հանդիպող բայց եւ անբեկանելի այդ հիւանդութիւնների բուժումը: Առողջապահութեան նախաարարութիւնը շատ լաւ գիտի թէ կոնկրէտ որ, թէկուզ` բացառիկ հիւանդութիւնները ինքը չի կարող բուժել եւ դրանք արտասահմանում որտեղ են արդիւնաւէտ բուժում: Համագործակցութեան շնորհիւ այդ հարցը կարելի է միանշանակ լուծել: Բնական է, որ ամէն մի հիւանդի հարազատ պատրաստ է դիմել ցանկացած քայլի որպէսզի փրկի իր հիւանդին: Սակայն մենք ունենք բազում դէպքեր, երբ այս կամ այն կերպ յատկացւում է մինչեւ հարիւրաւոր հազար դոլարներ, բայց բուժողները թակարդն են գցում հարազատներին: Իսրայէլի կամ Գերմանիայի «հրաշագործներըէ երբեմն իսկական խարդախներ են եւ ոչ աւելին: Այնպէս որ կարծում ենք այս հարցը կառավարութեան ուշադրութեան կենտրոնում պէտք է լինի, հիւանդի ծնողը չպէտք է կլինիկա որոնի, լուծումը պէտք է կոնկրէտ պետական ուղղուածութիւն ունենա:
Նունէ Կարապետեան, անկախ լրագրող