Նունե Կարապետյան. Լուծումը պետք է կոնկրետ պետական ուղղվածություն ունենա


Նունե Կարապետյան. Լուծումը պետք է կոնկրետ պետական ուղղվածություն ունենա

  • 09-11-2012 12:40:51   | Հայաստան  |  Իրավունք
Նոյեմբերի 3-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած տեսանյութը, որը պատմում էր ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի առողջական վիճակի եւ նրա ծնողների անհույս վիճակի մասին, մի շարք կարեւոր հարցեր երեւան հանեց: Տեսանյութի տարածումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը գործել է օրենքի շրջանակենրում. «Ինչպես Ա. Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, հոդված 33)»,- ասվում էր նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Հիմնավորումը զուտ օրենքի տեսանկյունից, իհարկե, փաստարկված է, սակայն մի քանի հարցեր են առաջ գալիս այստեղ: Այս դեպքից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի տարածքում չկա այնպիսի բուժհիմնարկ, որը կիրականացնի Արթուր Քոչարյանի եւ նրա հիվանդությամբ աշխտորոշված անձանց բուժումը, մյուս կողմից էլ, ինչպես նշված էր` օրենքը թույլ է տալիս բուժումը կազմակերպել միայն ՀՀ տարածքում գործող բուժհաստատություններում, խոսք անգամ չկա արտասահմանյան բուժհիմնարկներից օգտվելու կամ էլ որեւէ համաձայնագրի մասին, որը հնարավորություն կտար նման ախտորոշմամբ հիվանդներին տեղափոխել արտերկիր: Ահա, իրար հակասող երկու գործոն: Ստացվում է, որ մենք կարեւորագույն խնդիրների առջեւ ենք կանգնած, որոնց պատճառով, այդպես էլ համապատասխան բուժում չստանալով, զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք են մահանում: Առաջինը բուժսպասարկման հիմնարկների պակասն է, կամ որակը, իսկ երկրորդը՝ օրենսդրական բացը: Այսպիսով՝ նմանաբնույթ դեպքերից խուսափելու համար հարկավոր է, որ կամ ստեղծվի համապատասխան բուժհաստատություն, կամ էլ օրենսդրորեն ապահովվի հիվանդ զինծառայողների եւ ընդհանրապես քաղաքացիների արտասահմանում բուժելու իրավունքը: Տարեկան նման դեպքերը մեր երկրում մի քանիսն են, իհարկե դրանք կանխավ պլանավորել հնարավոր չէ: Սակայն կառավարությունը մի՞թե չի կարող առողջապահության ոլորտի միջոցով նախատեսել հազվադեպ հանդիպող բայց եւ անբեկանելի այդ հիվանդությունների բուժումը: Առողջապահության նախաարարությունը շատ լավ գիտի թե կոնկրետ որ, թեկուզ` բացառիկ հիվանդությունները ինքը չի կարող բուժել եւ դրանք արտասահմանում որտեղ են արդյունավետ բուժում: Համագործակցության շնորհիվ այդ հարցը կարելի է միանշանակ լուծել: Բնական է, որ ամեն մի հիվանդի հարազատ պատրաստ է դիմել ցանկացած քայլի որպեսզի փրկի իր հիվանդին: Սակայն մենք ունենք բազում դեպքեր, երբ այս կամ այն կերպ հատկացվում է մինչեւ հարյուրավոր հազար դոլարներ, բայց բուժողները թակարդն են գցում հարազատներին: Իսրայելի կամ Գերմանիայի «հրաշագործները» երբեմն իսկական խարդախներ են եւ ոչ ավելին: Այնպես որ կարծում ենք այս հարցը կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի, հիվանդի ծնողը չպետք է կլինիկա որոնի, լուծումը պետք է կոնկրետ պետական ուղղվածություն ունենա: Նունե Կարապետյան, անկախ լրագրող
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play