Մենք չենք պատրաստւում ձեռքներս ծալած նստել, ասում է «Խուստուփ» Հկ-ի նախագահը


Մենք չենք պատրաստւում ձեռքներս ծալած նստել, ասում է «Խուստուփ» Հկ-ի նախագահը

  • 05-05-2011 13:00:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Deno Gold Mining Company» ընկերութեան (սեփականատէրը կանադական «Dundee Precious Metals» ընկերութիւնն է) կողմից շահագործուող Կապանի Շահումեանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտաւ ակտիւ փուլ: Նախագծի հասարակական լսումներն արդէն նշանակուել են մայիսի 20-ին: Կապանի հասարակայնութիւնը խիստ անհանգստացած է: «Պայթիւններից հանքավայրի ծանր մետաղներով փոշին կը նստի Կապանի վրայ: Սիլիկոզով հիւանդ կը լինեն բոլորը` ներառեալ երեխաները,- ասում է «Խուստուփ» Հկ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսեանը,- մենք չենք պատրաստւում ձեռքներս ծալած նստել: Մարդիկ պէտք է հասկանան, որ բաց շահագործում Կապանում անթոյլատրելի է, դա Կապանի վերջն է»: Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Աւագեանն ասաց. «Հայաստանի Սահմանադրութիւնը երաշխաւորում է առողջութեան եւ առողջ շրջակայ միջավայրի իրաւունք այդ թւում եւ մեզ` կապանցիներիս համար»: Կապանցիները գիտեն, թէ ինչ է հանքավայրի փոշին առանց որեւէ մէկից լսելու: Գրեթէ իւրաքանչիւր ընտանիքում, որտեղ կան հանքերում աշխատողներ, կայ սիլիկոզ: Եւ հիմա, հիւանդանալու ռիսկի տակ կը յայտնուի Կապանի ողջ բնակչութիւնը յանուն ինչի՞«յանուն որոշ մարդկանց խմբի շահոյթի՞»,- ասաց Աւագեանը: Տեղի բնակիչները լաւ ծանօթ են Շահումեանի հանքավայրին եւ վստահ են, որ փակ եղանակով շահագործումը ընկերութեանը շահոյթ կ'ապահովի` պահպանելով Կապանը, որն արդէն իսկ գտնւում է էկոլոգիական աղէտի շեմին: «Թող ընկերութիւնները շահոյթ ստանան, բայց ոչ գերշահոյթ մեր առողջութեան հաշուին»,- կարծում է «Էկոլոգիական անվտանգութեան ապահովման եւ ժողովրդավարութեան զարգացման» Հկ-ի իրաւախորհրդատու Արթուր Ղազարեանը: Ինչպէս նշում է «Էկոլուր» տեղեկատուական Հկ-ն, ի դէպ, ՀՀ բնապահպանութեան նախարարութեան պաշտօնական կայքում բացակայում է Շահումեանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերեալ` շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան հասարակական լսումների մասին յայտարարութիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն