Ըստ միջազգային փորձագէտների, կարեւոր է , որպէսզի Հայաստանի Ընտրական օրէնսգրքի նոր նախագծի վերաբերեալ լինի «քաղաքական լայն կոնսենսուս»


Ըստ միջազգային փորձագէտների, կարեւոր է , որպէսզի Հայաստանի Ընտրական օրէնսգրքի նոր նախագծի վերաբերեալ լինի «քաղաքական լայն կոնսենսուս»

  • 23-11-2010 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընտրական օրէնդրութեանը նուիրուած երկօրեայ համաժողովի մասնակիցները նոյեմբերի 23-ին քննարկեցին ընտրական վէճերին եւ դատավարութեանը, ընտրակեղծիքների կանխմանը վերաբերող հարցեր: Ինչպէս նշեց Վենետիկի յանձնաժողովի փորձագէտ Վադիմ Ժդանովիչը, բիւրեղեայ մաքուր ընտրութիւններ չկան, եւ դրա վառ օրինակը զարգացած ժողովրդավարութիւն ունեցող երկրների ընտրութիւններն էն: Ըստ նրա, պատահական չէ, որ իրենց յանձնաժողովի օրակարգային առաջնային հարցերը վերաբերում էն ընտրակեղծիքների կանխմանը: «Ընտրակեղծիքներն ամէն տեղ կան, դրանք կան նաեւ իմ երկրում»,-վստահեցրեց ընտրական օրէնսդրութեան եւ վարչարարութեան ոլորտում տասնեակ տարիների փորձ ունեցող Ընտրական համակարգերի միջազգային հաստատութեան (IFES) ընտրական հարցերով խորհրդատու, ամերիկացի Կամերոն Քուինը: Միեւնոյն ժամանակ նա ընդգծեց, որ ընտրակեղծիքներն առաւել շատ լինում էն այնտեղ, որտեղ դրանք չէն դատապարտւում, չէն դիտւում որպէս վատ արարք եւ այն դէպքում, երբ չէն պատժւում: Այս առումով չափազանց կարեւոր է հրապարակայնութեան ապահովումը եւ ընտրակեղծիքները կանխելու գործիքների կատարելագործումը: ԵԱՀԿ Ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների գրասենեակի (ԵԱՀԿ/ԺՄԻԳ) ընտրութիւնների հարցերով խորհրդատու Դրիւ Հայսլոպն էլ նշեց, որ ընտրակեղծիքների մասին խօսելիս անմիջապէս պատկերացնում ենք լցոնումներ, սակայն դա ոչ ամենախելամիտ կեղծիքն է: Իրականում ընտրակեղծիքն աւելի լայն հասկացութիւն է, ինչը բացառելու համար անհրաժեշտ է զսպող մեխանիզմների ապահովում: Առաջնայինն ընտրական յանձնաժողովների կազմաւորումն է ըստ կառավարման լաւագոյն համարուող տարրերի` թափանցիկութիւն, անկողմնակալութիւն, արդարութիւն, անկախութիւն եւ արհեստավարժութիւն: Ընտրակեղծիքների կանխման տեսանկիւնից կարեւորուեց ընտրողների ցուցակների ճշգրտման յստակ մեխանիզմների սահմանումը, ընտրատեղամասերում դիտորդների ներկայութիւնը: Նշենք, որ քննարկման ընթացքում ակնյայտ դարձաւ, որ հայաստանեան հասարակական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, նաեւ փորձագէտների ներկայացրած առաջարկութիւնների վերաբերեալ միջազգային փորձագէտների կարծիքները որոշ դէպքերում իրարամերժ էին: Խորհրդարանական ընդդիմութիւնը` ՀՅԴ-ն եւ «Ժառանգութիւն»-ը, նաեւ որոշ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, 21 հասարակական կազմակերպութիւններ եւ շարժումներ հանդէս էն եկել գրեթէ նոյնաբովանդակ առաջարկութիւններով: Ընտրակեղծիքները կանխելու նպատակով, մասնաւորապէս, առաջարկւում է քուէարկութեան կազմակերպման եւ հաշուարկի ընթացքի տեսաձայնագրում, ընտրական յանձնաժողովների ձեւաւորում բացառապէս Ազգային ժողովում խմբակցութիւններ ունեցող կուսակցութիւնների կողմից, տեղամասում քուէարկած ընտրողների ցուցակների պատճէնահանուած օրինակներին ընտրատեղամասում ծանօթանալու անարգել հնարաւորութեան ընձեռում: Վերջին պահանջը, ըստ հեղինակների, պայմանաւորուած է նրանով, որ իւրաքանչիւր ընտրութեան ժամանակ մեծ թուով մահացածների «վերակենդանացում» է տեղի ունենում: Այս կապակցութեամբ IFES-ի ընտրութիւնների հարցերով իրաւաբան եւ վերահաշուարկի մասնագէտ, աներիկացի Ջոն Յարդին Յանգը նկատեց, որ դա «համամարդկային խնդիր է». ԱՄՆ-ում եւս եղել էն դէպքեր, երբ հանգուցեալները «յառնել եւ քուէարկել էն»: Ի տարբերութիւն ամերիկացի Կամերոն Քուինի, ով կարեւորեց քուէարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, սկզբունքօրէն դէմ չարտայայտուելով նաեւ տեսաձայնագրմանը, եւրոպացի փորձագէտները դա գնահատեցին որպէս քուէարկութեան գաղտնիութեան խախտում, քանի որ քուէարկութեան չգնալը կարող է լինել քաղաքական որոշում, եւ չպէտք է հրապարակուի անախորժութիւններից խուսափելու ու տարբեր շահարկումներից անձին զերծ պահելու համար: Միջազգային փորձագէտներն ընդգծեցին բողոքարկման արդիւնաւէտ, անկախ համակարգ ունենալու անհրաժեշտութիւնը` միեւնոյն ժամանակ վստահեցնելով, որ չկան միանշանակ «դեղատոմսեր»: Ըստ նրանց, տարբեր երկրներում կիրառւում էն տարբեր գործիքներ: Այդուհանդերձ նշուեց, որ անկախ նրանից, թէ միջազգային փորձաքննութեան ուղարկուելիք Հայաստանի Ընտրական օրէնսգրքի նոր խմբագրութեամբ նախագծի վերջնական տարբերակում բարձրացուած հարցերին ինչպիսի լուծումներ կտրուէն, կարեւոր է, որպէսզի դրանց վերաբերեալ լինի «քաղաքական լայն կոնսենսուս»:
  -   Քաղաքական