Ըստ միջազգային փորձագետների, կարեւոր է, որպեսզի Հայաստանի Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ լինի «քաղաքական լայն կոնսենսուս»


Ըստ միջազգային փորձագետների, կարեւոր է, որպեսզի Հայաստանի Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ լինի «քաղաքական լայն կոնսենսուս»

  • 23-11-2010 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընտրական օրենդրությանը նվիրված երկօրյա համաժողովի մասնակիցները նոյեմբերի 23-ին քննարկեցին ընտրական վեճերին եւ դատավարությանը, ընտրակեղծիքների կանխմանը վերաբերող հարցեր: Ինչպես նշեց Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Վադիմ Ժդանովիչը, բյուրեղյա մաքուր ընտրություններ չկան, եւ դրա վառ օրինակը զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրների ընտրություններն են: Ըստ նրա, պատահական չէ, որ իրենց հանձնաժողովի օրակարգային առաջնային հարցերը վերաբերում են ընտրակեղծիքների կանխմանը: «Ընտրակեղծիքներն ամեն տեղ կան, դրանք կան նաեւ իմ երկրում»,-վստահեցրեց ընտրական օրենսդրության եւ վարչարարության ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) ընտրական հարցերով խորհրդատու, ամերիկացի Կամերոն Քուինը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ ընտրակեղծիքներն առավել շատ լինում են այնտեղ, որտեղ դրանք չեն դատապարտվում, չեն դիտվում որպես վատ արարք եւ այն դեպքում, երբ չեն պատժվում: Այս առումով չափազանց կարեւոր է հրապարակայնության ապահովումը եւ ընտրակեղծիքները կանխելու գործիքների կատարելագործումը: ԵԱՀԿ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՄԻԳ) ընտրությունների հարցերով խորհրդատու Դրյու Հայսլոպն էլ նշեց, որ ընտրակեղծիքների մասին խոսելիս անմիջապես պատկերացնում ենք լցոնումներ, սակայն դա ոչ ամենախելամիտ կեղծիքն է: Իրականում ընտրակեղծիքն ավելի լայն հասկացություն է, ինչը բացառելու համար անհրաժեշտ է զսպող մեխանիզմների ապահովում: Առաջնայինն ընտրական հանձնաժողովների կազմավորումն է ըստ կառավարման լավագույն համարվող տարրերի` թափանցիկություն, անկողմնակալություն, արդարություն, անկախություն եւ արհեստավարժություն: Ընտրակեղծիքների կանխման տեսանկյունից կարեւորվեց ընտրողների ցուցակների ճշգրտման հստակ մեխանիզմների սահմանումը, ընտրատեղամասերում դիտորդների ներկայությունը: Նշենք, որ քննարկման ընթացքում ակնհայտ դարձավ, որ հայաստանյան հասարակական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, նաեւ փորձագետների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքները որոշ դեպքերում իրարամերժ էին: Խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը, նաեւ որոշ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, 21 հասարակական կազմակերպություններ եւ շարժումներ հանդես են եկել գրեթե նույնաբովանդակ առաջարկություններով: Ընտրակեղծիքները կանխելու նպատակով, մասնավորապես, առաջարկվում է քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի տեսաձայնագրում, ընտրական հանձնաժողովների ձեւավորում բացառապես Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից, տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակների պատճենահանված օրինակներին ընտրատեղամասում ծանոթանալու անարգել հնարավորության ընձեռում: Վերջին պահանջը, ըստ հեղինակների, պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ մեծ թվով մահացածների «վերակենդանացում» է տեղի ունենում: Այս կապակցությամբ IFES-ի ընտրությունների հարցերով իրավաբան եւ վերահաշվարկի մասնագետ, աներիկացի Ջոն Հարդին Յանգը նկատեց, որ դա «համամարդկային խնդիր է». ԱՄՆ-ում եւս եղել են դեպքեր, երբ հանգուցյալները «հառնել եւ քվեարկել են»: Ի տարբերություն ամերիկացի Կամերոն Քուինի, ով կարեւորեց քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, սկզբունքորեն դեմ չարտահայտվելով նաեւ տեսաձայնագրմանը, եվրոպացի փորձագետները դա գնահատեցին որպես քվեարկության գաղտնիության խախտում, քանի որ քվեարկության չգնալը կարող է լինել քաղաքական որոշում, եւ չպետք է հրապարակվի անախորժություններից խուսափելու ու տարբեր շահարկումներից անձին զերծ պահելու համար: Միջազգային փորձագետներն ընդգծեցին բողոքարկման արդյունավետ, անկախ համակարգ ունենալու անհրաժեշտությունը` միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ չկան միանշանակ «դեղատոմսեր»: Ըստ նրանց, տարբեր երկրներում կիրառվում են տարբեր գործիքներ: Այդուհանդերձ նշվեց, որ անկախ նրանից, թե միջազգային փորձաքննության ուղարկվելիք Հայաստանի Ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագծի վերջնական տարբերակում բարձրացված հարցերին ինչպիսի լուծումներ կտրվեն, կարեւոր է, որպեսզի դրանց վերաբերյալ լինի «քաղաքական լայն կոնսենսուս»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play