Արթուր Բաղդասարեան. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները»<br />


Արթուր Բաղդասարեան. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները»

  • 03-11-2010 17:30:00   |   |  Քաղաքական
ՎԱՐՇԱՒԱ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Ազգային անվտանգութեան բիւրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրաւէրով Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի գլխաւորած պատուիրակութիւնը նոյեմբերի 2-ին պաշտօնական այցով ժամանել է Լեհաստան: Լեհաստանի Ազգային անվտանգութեան բիւրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարեանի առանձնազրոյցից յետոյ կայացել են ընդլայնուած բանակցութիւններ: Քննարկուել են անվտանգութեան ոլորտում հայ-լեհական համագործակցութեան յետագայ խորացման հնարաւորութիւնները: Տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան ապահովման գործում կողմերը կարեւորել են երկխօսութիւնը, ընդգծել առկայ տարաձայնութիւնները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտութիւնը: Ըստ լեհական կողմի, հենց այս մօտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, եւ այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգաւորման վերաբերեալ: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները, անընդունելի ենք համարում մի կողմից` բանակցելու, միւս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարութիւնը»,- ասել է Արթուր Բաղդասարեանը: Լեհաստանի Ազգային անվտանգութեան բիւրոյի ղեկավարը կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգաւորումը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտութիւնների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլեւ` անընդունելի է միջազգային հանրութեան կողմից: Ստանիսլավ Կոզիեյը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը եւ հոյս յայտնել, որ առաջիկայում կարձանագրուեն դրական արդիւնքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցութեանը: Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգութեան բիւրոյի միջեւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան մասին յուշագրի ստորագրումից յետոյ կայացել է Արթուր Բաղդասարեանի եւ Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսը: Ստանիսլավ Կոզիեյը նշել է, որ ստորագրուած յուշագիրը Լեհաստանի Ազգային անվտանգութեան բիւրոյի եւ Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի միջեւ առաւել արդիւնաւէտ եւ սերտ համագործակցութեան կոնկրետ հիմքեր է ստեղծում: «Մենք լիարժէք փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք անվտանգութեան խնդիրներին առնչուող տարաբնոյթ հարցեր»,- ասել է Արթուր Բաղդասարեանը` յաւելելով, որ առաջին անգամն է ստորագրւում յուշագիր, որը հնարաւորութիւն է տալիս տարին առնուազն` մէկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատւութիւններ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան խնդիրների վերաբերեալ: «Մենք պայմանաւորուել ենք փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող տեղեկատուութեան փոխանակում իրականացնել, համապատասխան մոնիթորինգ իրականացնել եւ աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարեանը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, բանախօսներն ընդգծել են, որ Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհուրդն ու Լեհաստանի Ազգային անվտանգութեան բիւրոն փոխգործակցելու են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգութեան ուղղութիւններով, այդ թւում` ընդլայնելով համագործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների շրջանակում: Կողմերի միջեւ երկխօսութիւնը ներառելու է անվտանգութեան ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների, տարածաշրջանային կայունութեան ապահովման գործում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դերի եւ այլ հարցերի վերաբերեալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցութեան զարգացմանը տնտեսական անվտանգութեան ոլորտում, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցութեան խթանմանը, ինչպէս նաեւ` միջազգային ահաբեկչութեան, անդրսահմանային կազմակերպուած յանցաւորութեան, թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան, անօրինական միգրացիայի Յ թրաֆիքինգի դէմ պայքարին:
  -   Քաղաքական