Արթուր Բաղդասարյան. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները»<br />


Արթուր Բաղդասարյան. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները»

  • 03-11-2010 17:30:00   | Լեհաստան  |  Քաղաքական
ՎԱՐՇԱՎԱ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ: Քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում կողմերը կարեւորել են երկխոսությունը, ընդգծել առկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի, հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, եւ այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելի ենք համարում մի կողմից` բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլեւ` անընդունելի է միջազգային հանրության կողմից: Ստանիսլավ Կոզիեյը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսը: Ստանիսլավ Կոզիեյը նշել է, որ ստորագրված հուշագիրը Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ առավել արդյունավետ եւ սերտ համագործակցության կոնկրետ հիմքեր է ստեղծում: «Մենք լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք անվտանգության խնդիրներին առնչվող տարաբնույթ հարցեր»,- ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ առաջին անգամն է ստորագրվում հուշագիր, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն` մեկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատվություններ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ: «Մենք պայմանավորվել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում իրականացնել, համապատասխան մոնիթորինգ իրականացնել եւ աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության, բանախոսներն ընդգծել են, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդն ու Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն փոխգործակցելու են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ուղղություններով, այդ թվում` ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Կողմերի միջեւ երկխոսությունը ներառելու է անվտանգության ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսական անվտանգության ոլորտում, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, ինչպես նաեւ` միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի Յ թրաֆիքինգի դեմ պայքարին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play