Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էՌԱԿ կենտրոնական վարչութեան անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էՌԱԿ կենտրոնական վարչութեան անդամներին

  • 30-05-2016 19:43:30   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ) կենտրոնական վարչութեան նորընտիր անդամներին` գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ Խուլիոյ Նահապետեանի:
 
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը` տիար Խ. Նահապետեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորակազմ վարչութեան անդամներին: Իր խօսքում ՌԱԿ նախագահը կարեւորեց ազգային կեանքում Հայոց Եկեղեցու բացառիկ դերակատարութիւնը` կուսակիցների անունից պատրաստակամութիւն յայտնելով զօրավիգ լինելու Հայ Եկեղեցուն եւ նրա առաքելութեանը:
 
Այնուհետեւ կուսակցութեան նորակազմ կենտրոնական վարչութեանն իր օրհնութիւնը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբութիւնն իր շնորհաւորանքները բերեց վարչութեան նախագահին եւ անդամներին ընտրութեան առիթով` մաղթելով պտղաբեր եւ արդիւնաշատ գործունէութիւն ազգային անդաստանում:
 
Հայոց Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մշտապէս զգացել է ՌԱԿ բերած զօրակցութիւնը: Այս առիթով Նորին Սրբութիւնը պատգամեց, որ ՌԱԿ-ը յաղթահարի ներկուսակցական բաժանումը եւ համախումբ ու միաբան առաւել արդիւնաւորի իր ծառայութիւնը Հայրենիքում եւ Սփիւռքում:
 
Զրոյցի ընթացքում անդրադարձ եղաւ նաեւ Հայ Եկեղեցու քարոզչական, սոցիալական ու կրթական ծրագրերին, հոգեւորականների պատրաստութեան խնդրին:
 
Վերջում, վերստին իր գնահատանքը փոխանցելով հիւրերին, Հայոց Հայրապետը վաստահութիւն յայտնեց, որ նաեւ նրանց նուիրեալ ու նախանձախնդիր ջանքերի շնորհիւ պէտք է դիմագրաւուեն Հայրենիքի ու աշխարհասփիւռ հայ ժողովրդի առջեւ ծառացած բազում մարտահրաւէրներ:
 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
  -   Մամլո հաղորդագրություն