Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներին

  • 30-05-2016 19:43:30   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին` գլխավորությամբ վարչության ատենապետ Խուլիո Նահապետյանի:
 
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը` տիար Խ. Նահապետյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորակազմ վարչության անդամներին: Իր խոսքում ՌԱԿ նախագահը կարևորեց ազգային կյանքում Հայոց Եկեղեցու բացառիկ դերակատարությունը` կուսակիցների անունից պատրաստակամություն հայտնելով զորավիգ լինելու Հայ Եկեղեցուն և նրա առաքելությանը:
Այնուհետև կուսակցության նորակազմ կենտրոնական վարչությանն իր օրհնությունը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր շնորհավորանքները բերեց վարչության նախագահին և անդամներին ընտրության առիթով` մաղթելով պտղաբեր և արդյունաշատ գործունեություն ազգային անդաստանում: 
Հայոց Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մշտապես զգացել է ՌԱԿ բերած զորակցությունը: Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց, որ ՌԱԿ-ը հաղթահարի ներկուսակցական բաժանումը և համախումբ ու միաբան առավել արդյունավորի իր ծառայությունը Հայրենիքում և Սփյուռքում: 
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայ Եկեղեցու քարոզչական, սոցիալական ու կրթական ծրագրերին, հոգևորականների պատրաստության խնդրին:
Վերջում, վերստին իր գնահատանքը փոխանցելով հյուրերին, Հայոց Հայրապետը վաստահություն հայտնեց, որ նաև նրանց նվիրյալ ու նախանձախնդիր ջանքերի շնորհիվ պետք է դիմագրավվեն Հայրենիքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի առջև ծառացած բազում մարտահրավերներ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play