Երեւանում անցկացուեց Ռամկավար Ազատական եւ Արմէնական Ռամկավար<br /> Ազատական կուսակցութիւնների միավորիչ համաժողովը<br />


Երեւանում անցկացուեց Ռամկավար Ազատական եւ Արմէնական Ռամկավար
Ազատական կուսակցութիւնների միավորիչ համաժողովը

  • 05-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-ին Երեւանում տեղի ունեցաւ Ռամկավար Ազատական կուսակցութեան եւ Արմէնական- ՌԱԿ կուսակցութիւնների միավորիչ համաժողովի բացումը: Համաժողովի մասնակիցներին ողջոյնի ուղերձ էր յղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: «Ջերմօրէն ողջունում եմ Ռամկավար ազատական կուսակցութեան եւ Արմէնական Ռամկավար ազատական կուսակցութեան միավորիչ համաժողովի մասնակիցներին եւ հիւրերին: Մեր ժողովրդի պատմութեան մէջ աւելի քան մէկ դար Ռամկավար Ազատական կուասկցությունը իր հայրենասիրական, ողջախոհ, հաւասարակշիռ ու գործնական քաղաքականութեամբ ուրոյն տեղ է զբաղեցրել ազգային-քաղաքական երանգապնակումղ 1990-ական թուականներին, վերադառնալով մայր Հայրենիք, կուսակցութիւնն անմիջական մասնակիցն է եղել անկախութեան հռչակմանը, նորանկախ երկրի քաղաքական կեանքի աշխուժացմանը, միաժամանակ Սփիւռքում նոր թափ հաղորդելով ազգաշահ իր գործունէութեանը: Կուսակցութիւնը հայրենիքում ու Սփիւռքում վերջին շրջանում ապրել է ներքին վայրիվերումներ, դժուարութիւններ է ունեցել գաղափարակից ուժերի հետ շփումներում երկխօսութեան եզրեր գտնելու գործում: Լիայոյս եմ, որ այսօր այս Համաժողովի շրջանակներում եւ այնուհետ կկարողանաք առաջնորդուել միասնականությամբ, ուժերի համախմբմամբ եւ համախոհութեան ոգով` վերահաստատելով հայրենակենտրոն կուսակցութեան ձեր տեսլականը: Իրոք, միասին մենք մեծ աշխատանք ունենք անելու յանուն մեր պետութեան, մեր ժողովրդի ու նրա միասնութեան: Մաղթում եմ Համաժողովին արդիւնաւէտ աշխատանք, իսկ մասնակիցներինն ամենայն բարիք եւ յաջողութիւն»,- ասւում է ՀՀ նախագահի ուղերձում: Արմէնական-Ռամկավար Ազատական կուսակցութեան վարչութեան անդամ, «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը նշեց, որ անցեալ դարի 90-ական թուականներին Հայաստանում հաստատուած ՌԱԿ-ը ստեղծեց «Թեքեյան» մշակոյթային կենտրոնը, «Ազգ» օրաթերթը` մեծագոյն խանդաւառութեան եւ նվիրման շնորհիւ, կուսակցութիւնը Հայաստանի անկախութեան հռչակման յայտարարութիւնը ստորագրած 6 կուսակցութիւններից մէկն էր: Կուսակցութեան առաջին պառակտումը եղել է ՀՀՇ-ական իշխանութեան կողմից ներքին քայքայիչ աշխատանք կատարելու հետեւանքով` պատճառն այն էր, որ որոշակի ընդդիմադիր կեցուածք ունեցող ՀՌԱԿ-ը երկրորդ մեծաթիւ խմբակցութիւնն էր ներկայացնում խորհրդարանում: Յետագայում, 2003թ. ընտրութիւններին, երբ ՌԱԿ-ը Հայաստանում լավապես պատրաստուած էր, 8000-ից աւել անդամ ուներ, շուրջ 80 կուսակցական կառոյցներ, ընտրութիւններում հրաշալի քարոզարշավ մղեց, սակայն պարտութիւն կրեց: Պարտութեան պատճառը, ըստ Հ.Աւետիքեանի, այն էր, որ ընտրութիւնները Հայաստանում վերածուել էին «ֆինանսա-տնտեսական գործարքների բորսայի», որին ՀՌԱԿ-ը պատրաստ չէր: «Եւ այդ պարտութեանը հետեւած յուսախաբութեան մթնոլորտից օգտվելով` մի քանի ժուլիկներ ձեռքն առան կուսակցութիւնը եւ քայքայումը սկսուեց ամբողջական կերպով, բոլոր մարզերում, իրենց մէջ, իրար չեզոքացրեցին եւ մնաց մէկ ժուլիկ` ամենատգետը եւ ամենաանկիրթը, որ շարունակում է վարկաբեկել կուսակցութիւնը»,- ասաց Հ.Աւետիքեանը: Արդիւնքում ՀՌԱԿ-ը պարտութիւն կրեց միանգամից երեք համապետական ընտրութիւններում` նախագահական, խորհրդարանական եւ Երեւանի աւագանու ընտրութիւններում: Քաղաքական կեանքում կուսակցութիւնը չունի որեւէ ներկայութիւն: Այդ պատճառով հավատավոր ռամկավարների խումբը մայիսին ձեռնարկեց կուսակցութեան վերստեղծումը Հայաստանում, այն կոչելով Արմենակեան-ՌԱԿ` յարգելով ՀՀ օրէնքի տառը եւ վերադառնալով արմատներին: 3 ամսուայ ընթացքում կուսակցութիւնն արդէն իսկ ստեղծել է 17 կառոյց: Հ.Աւետիքեանը նշեց, որ Համաժողովը 2-3 օր կշարունակի իր աշխատանքները` արդիականացնելու կուսակցութեան գործունէութիւնը, համապատասխանեցնելու ժամանակակից եւրոպական կուսակցական ինստիտուտուցիոնալ չափանիշներին: Կուսակցութիւնը լայնօրէն բաց կանի իր դռները երիտասարդության առջեւ: «Կուսակցութիւնը իշխանամէտ է լինելու, թէ՞ ընդդիմադիր» հարցին Հ.Աւետիքեանը պատասխանում է` «իշխանամէտ չենք կարող լինել, չենք էլ եղել, որովհետեւ իշխանութիւն չենք եղել, չեմ կարծում, որ մօտ ապագայում կլինենք: Չենք եղել արմատական ընդդիմություն եւ չենք էլ լինի, կընդդիմախոսենք այն հարցերում, որտեղ գործադիր իշխանութիւնները կթերանան կամ սխալներ կկատարեն, կքաջալերենք բոլոր այն ձեռնարկումները, որոնք իշխանութիւնները կկատարեն ճիշտ, արդիւնաւէտ, ի շահ մեր ժողովրդի»: Հ.Աւետիքեանը յիշեցրեց կուսակցութեան երբեմնի ատենապետ Ռուբէն Միրզախանեանի բնորոշումը` «մենք պետականամէտ կուսակցութիւն ենք, մենք հանգիստ ուժի կուսակցութիւն ենք եւ կմնանք այդպիսին»: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում Յակոբ Աւետիքեանը նշեց, որ կուսակցութիւնը հայ-թուրքական գործընթացի խնդրին կանդրադառնա առաջիկայում նաեւ փորձագէտների մասնակցութեամբ անցկացուելիք համաժողովում: Համաժողովում ողջոյնի խօսքով հանդէս եկան ՌԱԿ նահապետ, կուսակցութեան տարբեր թերթերի նախկին խմբագիր Նուբար Բերբերեանը Բոստոնից (ԱՄՆ), ՌԱԿ կենտրոնական վարչութեան երկարամեայ ատենապետ, ՀԲԸՄ հիմնադիր անդամ, դոկտոր Արշաւիր Գյոնջյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանում հաստատուած կուսակցութիւնը աշխոյժ եւ կառուցողական գործունէութիւն ծավալեց Հայաստանի համար դժուարին ժամանակահատուածում` Արցախի գոյամարտ, երկրաշարժ, անկախացումից յետոյ անցումային շրջան, սակայն յետագայում «կորցրեց իր դիրքը եւ տարողութիւնը: «Այսօր մենք բոլորովին չենք կիսում նրա դիմագիծը եւ որեւէ գործունէութիւնը: Եկել ենք ողջունելու վերակենդանացած եւ վերակազմակերպված կուսակցութիւնը: Աւանդապահ ՌԱԿ ղեկավարներս եկել ենք համադրելու մեր ուժերը եւ մեր գործունէութիւնը Արմէնական-Ռամկավար Ազատական կուսակցութեան գործունէութեան հետ եւ զորավիգ կանգնելու այդ գործունէութեան հետ, նպաստելու հայրենի ժողովրդի եւ հայրենի պետականութեան անսակարկելի գերագոյն շահերի համար: Սփյուռքատարած բազմաթիւ մեր կենտրոնները, մեր թերթերը եւ մեր սփիւռքի տարածքում վայելած վստահութեան ամբողջ ուժը, կշիռը պէտք է տրամադրենք Արմէնական-Ռամկավար ազատական կուսակցութեան եւ աւանդապահ ռամկավարների միացեալ աշխատանքին` զարգացնելու ժողովրդավարական հիմնական սկզբունքները հայրենիքում ի շահ հայ ժողովրդի»,- ասաց նա: Ողջոյնի խօսքով հանդէս եկան նաեւ Համաժողովի հիւրերը: ՀՀ Ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գեւորգեանը նշեց, որ միաւորումը ժամանակին է տեղի ունենում` հայ ժողովրդին անհրաժեշտ է միաւորուել, համախմբուել ի շահ ժողովրդի եւ պետութեան, եւ իհարկէ, ի շահ Սփիւռքի: «Հաւաքական ուժի մասին չարենցեան պատգամը էլ ով պէտք է կատարի. եթէ ոչ մենք` դիմագրաւելու այն բարդ մարտահրավերներին, որոնց մասին յատկապէս այս օրերին լուրջ խօսակցութիւն է գնում մեր ժողովրդի երկու հատուածների միջեւ»,- ասաց նա: Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգէն Մանուկեանը նշեց, որ կուսակցութիւնը մեծ պատմութիւն ունի, մեծ ճանապահ է անցել եւ դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու: Նա շատ յատկանշական համարեց, որ միաւորումը կատարւում է այն ժամանակ, երբ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսւում է մի նոր իրավիճակ: Մի բարդ ճանապարհի առջեւ ենք կանգնած եւ այն պահանջելու է ոչ միայն միասնականություն, այլեւ պահանջելու է, որ մենք չմոռանանք մեր արմատները, հետապնդենք այն խնդիրները, որոնք մինչեւ այժմ հետապնդում էինք, իսկ այս նոր իրավիճակում առաւելութիւններից օգտուելու համար մեզ պէտք է նոր որակ, այդ թւում` կառավարման նոր որակ, հակառակ դէպքում` ոչ միայն չենք կարողանայ օգտուել նոր առաւելութիւններից, այլ կը կորցնենք ձեռք բերածը»: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանը նշեց, որ «օրը իրադարձային եւ հիրաւի պատմական է. ազգը, կուսակցութիւնները միասնականանալու խնդիր չունեն, այլ ունեն միաբանուելու խնդիր»: Նա սխալ է համարում Հայաստանում ձեւաւորուած մտայնութիւնը, որ «եթէ ընդդիմություն ես` դէմ ես, եթէ իշխանական կուսակցութիւն ես` դէմ չես: Անընդհատ թշնամության ալիքում է տեղի ունենում մեր պետութեան ներսում»,- ասաց նա: «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի անունից յայտարարեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել համազգային կարեւորութեան խնդիրների լուծման ուղղութեամբ, առնուազն երկու կարեւոր խնդիրներում` ներքին քաղաքականութեան հարցում եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային դատապարտման ու հետապնդման հարցում: ԱԻՄ նախագահ Պարոյր Հայրիկեանը Հ.Աւետիքեանին յանձնեց «Կատարեալ ժողովրդավարութեան մոդել» կոչւող փաստաթուղթը` ստորագրուած 6 կուսակցութիւնների կողմից: Նա հոյս յայտնեց, որ Արմէնական-ՌԱԿ-ը կլինի 7-րդը. «Հայաստանը կարող է դառնալ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, 100 տոկոսանոց ներկայացուցչական խորհրդարանով Հայաստանը կդարձնենք իսկապէս ժողովրդավարական պետութիւն»,- ասաց նա: Ըստ Պ.Հայրիկեանի, կայ նաեւ եկեղեցիների միաւորման եւ միասնական ուղղագրության խնդիր` ազգը կտրուած է իր արմատներից եւ պառակտուած: Կայ նաեւ լուրջ հոգեբանական խնդիր. Արցախը չի կարելի Ղարաբաղ կոչել, պէտք է պայքար մղել ոչ թէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման, այլ Ցեղասպանութեան հետեւանքները վերացնելու համար:
  -   Քաղաքական