Տաւուշի եւ Վիտեբսկի մարզերի միջեւ յետագայ համագործակցութիւնը փոխշահավետ կլինի<br />


Տաւուշի եւ Վիտեբսկի մարզերի միջեւ յետագայ համագործակցութիւնը փոխշահավետ կլինի

  • 08-09-2010 19:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Վիտեբսկի մարզի պատուիրակութեանը` մարզի գործկոմի նախագահի տեղակալ Օլեգ Մատկեւիչի գլխաւորութեամբ: Հանդիպմանը ներկայ էին նաեւ ՀՀ Տաւուշի մարզպետ Արմէն Ղուլարեանը եւ Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Պատուիրակութիւնը, որի կազմում են նաեւ գործարարներ, եղել է Տաւուշի մարզում, ծանօթացել մարզի արտադրական, զբոսաշրջային ներուժին: Հայ գործընկերների հետ նրանք քննարկել են յետագայ համագործակցութեան հնարաւորութիւններն ու ուղղութիւնները: Ա.Գեւորգեանը նշել է, որ ՀՀ կառավարութիւնը մեծ նշանակութիւն է տալիս թէ' Բելառուսի, թէ' ԱՊՀ միւս երկրների հետ ապակենտրոնացուած մակարդակով կապերի հաստատմանը, քանի որ մարզերում տնտեսական զարգացման մեծ ներուժ է կուտակուած: Զարգացման մեծ հնարաւորութիւններ ունեցող մարզերից է Տաւուշը, եւ Ա.Գեւորգեանը վստահութիւն է յայտնել, որ Տաւուշի եւ Վիտեբսկի միջեւ յետագայ համագործակցութիւնը փոխշահավետ կլինի: Օ.Մատկեւիչը, այցը համարելով հագեցած եւ արդիւնաւէտ, տեղեկացրել է, որ իրենք եղել են Տաւուշի մարզի ձեռնարկութիւններում, նախանշուել են գործակցութեան ուղղութիւնները, արձանագրուել է, որ միմեանցից սովորելու շատ բան ունեն: Բացի առեւտրատնտեսական յարաբերութիւնների խորացումից, համագործակցութեան հնարաւորութիւններ կան նաեւ հումանիտար ոլորտում, օրինակ` մարզերի բուհերի միջեւ: Իր հերթին Ա.Գեւորգեանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարութեան աջակցութիւնը կլինի համագործակցութեան խորացմանն ուղղուած բոլոր նախաձեռնություններին:
  -   Տնտեսութիւն