Իշխանութիւնները համաձայնելու են գնալ արտահերթ նախագահական<br /> ընտրութիւնների,- համոզուած է Վահագն Խաչատրեանը<br />


Իշխանութիւնները համաձայնելու են գնալ արտահերթ նախագահական
ընտրութիւնների,- համոզուած է Վահագն Խաչատրեանը

  • 19-03-2009 17:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի աւագանու ընտրութիւնները Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համար ոչ թէ քաղաքապետի պաշտօնին տիրանալու միջոց են, այլ առիթ` ապացուցելու, որ 2008թ.-ի նախագահական ընտրութիւններում յաղթել է առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսեանը: Այսպիսի յայտարարութեամբ հանդէս եկաւ «Այլընտրանք» քաղաքական-հասարակական նախաձեռնութեան անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրեանը մարտի 19-ի ասուլիսում: Նրա խօսքերով, դատելով այն հանգամանքներից, որ 2008թ.-ի ընտրութիւններում Լ.Տեր-Պետրոսեանն իր քուէների մեծամասնութիւնը ստացել էր Երեւանում, եւ որ մայրաքաղաքում իշխանութիւնները միշտ էլ դժուարութեամբ են կեղծիքներ իրականացրել, ՀԱԿ-ի յաղթանակը մայիսի 31-ի ընտրութիւններում կասկած չի հարուցում: «Յաղթելով աւագանու ընտրութիւններում մենք շարունակելու ենք պահանջել իշխանութիւնների հրաժարականը եւ արտահերթ համապետական ընտրութիւններ»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Նրա կանխատեսմամբ, իշխանութիւնները չեն կարողանալու դիմակայել երկրի առջեւ ծառացած քաղաքական ու սոցիալ-տնտեսական մարտահրավերներին եւ արդիւնքում համաձայնելու են գնալ արտահերթ նախագահական ընտրութիւնների: Այդ ընտրութիւնները, ըստ Վ.Խաչատրեանի, անցկացուելու են կամ 2009թ.-ին կամ էլ, ծայրայեղ դէպքում, 2010թ.-ի սկզբին: Անդրադառնալով աւագանու ընտրութիւններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերեալ ՀԱԿ-ի եւ «Ժառանգութեան» քննարկումներին, նախկին քաղաքապետը հոյս յայտնեց, որ այդ երկու քաղաքական ուժերը ընդհանուր եզրեր, այնուամենայնիւ, կգտնեն: Վ.Խաչատրեանը կրկնեց, որ մայիսի 31-ին ոչ թէ աթոռի հարց է լուծուելու, այլ վճռուելու է Հայաստանի յետագայ ճակատագիրը:
  -   Քաղաքական