Լոնդոնցի ուսանողուհին դարձաւ ՀՑԹԻ-ի սահմանած Ռաֆայէլ Լեմկինի անուան ամենամեայ դրամաշնորհային ծրագրի առաջին յաղթողը


Լոնդոնցի ուսանողուհին դարձաւ ՀՑԹԻ-ի սահմանած Ռաֆայէլ Լեմկինի անուան ամենամեայ դրամաշնորհային ծրագրի առաջին յաղթողը

  • 19-04-2011 17:07:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայոց-ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կողմից սահմանուած Ռաֆայէլ Լեմկինի անուան ամենամեայ դրամաշնորհային ծրագրի առաջին յաղթողը Լոնդոնի համալսարանի Պատմութեան եւ հասարակական գիտութիւնների ֆակուլտետի պատմութեան ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է: Ռ. Ջինքսը զբաղւում է Հայոց ցեղասպանութեան եւ Հոլոքոստի ուսումնասիրութեամբ, արժանացել է մի շարք ակադեմիական մրցանակների եւ տիրապետում է անգլերէն, գերմաներէն եւ սերբերէն լեզուներին: Ըստ ՀՑԹԻ-ի մամլոյ հաղորդագրութեան, 2010թ. սեպտեմբեր ամսին թանգարան-ինստիտուտը յայտարարեց Ռաֆայէլ Լեմկինի անուան ամենամեայ դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այն հնարաւորութիւն է ընձեռելու օտարերկրեայ ասպիրանտներին, ովքեր մասնագիտանում էն ցեղասպանագիտութեան ոլորտում, մէկ ամսով այցելել Հայաստանի Հանրապետութիւն` տեղի գիտական հաստատութիւններում եւ գրադարաններում ուսումնասիրութիւններ իրականացնելու համար: Երիտասարդ հետազօտողների ուսումնասիրութիւնների իրականացման հիմնական վայրը հանդիսանալու է Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարաւորութիւն կը ստանան ծանօթանալ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը, ուսումնասիրութիւններ կատարել Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում եւ գրադարանում, ինչպէս նաեւ ստանալ մասնագիտական խորհրդատուութիւն, ծանօթանալ Հայաստանի Հանրապետութեան բուհերի, արխիւների, գրադարանների նիւթերի հետ: Դրամաշնորհի պայմաններով տարեկան նախատեսւում է մէկ ասպիրանտի այցելութիւն: Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը հոգալու է գիտնականների երկկողմանի ճանապարհորդութեան եւ կացութեան ծախսերը: ՀՑԹԻ-ն նախատեսում է ընդլայնել դրամաշնորհների այս ծրագիրը` նպատակ ունենալով նպաստել Հայոց ցեղասպանութեան գծով մասնագիտացող հետազօտողների պատրաստման գործին:
  -   Հասարակութիւն