Լոնդոնցի ուսանողուհին դարձավ ՀՑԹԻ-ի սահմանած Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը


Լոնդոնցի ուսանողուհին դարձավ ՀՑԹԻ-ի սահմանած Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը

  • 19-04-2011 17:07:52   | Հայաստան  |  Հասարակություն
Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից սահմանված Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը Լոնդոնի համալսարանի Պատմության եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է: Ռ. Ջինքսը զբաղվում է Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ուսումնասիրությամբ, արժանացել է մի շարք ակադեմիական մրցանակների եւ տիրապետում է անգլերեն, գերմաներեն եւ սերբերեն լեզուներին: Ըստ ՀՑԹԻ-ի մամլո հաղորդագրության, 2010թ. սեպտեմբեր ամսին թանգարան-ինստիտուտը հայտարարեց Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, ովքեր մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստանի Հանրապետություն` տեղի գիտական հաստատություններում եւ գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում եւ գրադարանում, ինչպես նաեւ ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ: Դրամաշնորհի պայմաններով տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է գիտնականների երկկողմանի ճանապարհորդության եւ կացության ծախսերը: ՀՑԹԻ-ն նախատեսում է ընդլայնել դրամաշնորհների այս ծրագիրը` նպատակ ունենալով նպաստել Հայոց ցեղասպանության գծով մասնագիտացող հետազոտողների պատրաստման գործին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play