Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները բարձր են գնահատում<br /> երկկողմ յարաբերութիւնները<br />


Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները բարձր են գնահատում
երկկողմ յարաբերութիւնները

  • 13-03-2009 16:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ի համատեղ ասուլիսում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդեանը եւ Մանուչեհր Մոթթաքին բարձր գնահատեցին երկկողմ յարաբերութիւնները: Ասուլիսին նախորդող հանդիպմանը քննարկուել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային կայունութեանը վերաբերող հարցեր: Է.Նալբանդեանը իրանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Մ.Մոթթաքին, գոհունակութիւն յայտնելով հայ-իրանական յարաբերութիւններից, միաժամանակ նշեց, որ նկատի ունենալով առկայ հնարաւորութիւնները, այնուամենայնիւ բաւարար չի համարում յարաբերութիւնների ներկայիս մակարդակը: Ըստ նրա, եթէ կեանքի կոչուեն երկկողմ պայմանավորվածությունները, ապա հայ-իրանական յարաբերութիւններն աւելի կզարգանան: Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցի առնչութեամբ Մ.Մոթթաքին նշեց, որ Իրանը իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւններին: Ըստ նրա, Իրանը պատրաստ է օժանդակել Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծմանը, ինչը արժանանացել է թէ' Հայաստանի, թէ' Ադրբեջանի հաւանութեանը: Սակայն Ղարաբաղի հակամարտութիւնը այն խնդիրներից է, որոնք, Մ.Մոթթաքիի խօսքերով, կարող են կարգաւորուել միայն «աղյուսը աղիւսի վրայ դնելով, որպէսզի ստացուի ամբողջական շէնք»: Իրանի արտգործնախարարը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս Իրանում տեղի է ունեցել Տնտեսական գործակցութեան երկրների վեհաժողովը, որին մասնակցել է նաեւ Ադրբեջանը: Վեհաժողովը ընդունել է հակամարտութիւնների վերաբերեալ հռչակագիր, որում նշւում է, որ տարածաշրջանային հակամարտութիւնները պէտք է կարգաւորուեն խաղաղ եւ բանակցային ճանապարհով: Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ իրանա-ամերիկեան յարաբերութիւններին: Իրանի արտգործնախարարը նշեց, որ Իրանը ամերիկեան նոր վարչակազմից սպասում է նոր քաղաքականութեան գործնական դրսեւորում: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ արդեօ՞ք պատրաստ է Իրանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցութիւնների, ապա Մ.Մոթթաքին նշեց, որ իրենք «սպասում են` տեսնեն, թէ գործնական ինչ փոփոխութիւններ են կատարուելու ԱՄՆ-ի քաղաքականությունում»:
  -   Քաղաքական