Առաջարկւում է որոշ ապրանքատեսակների ներմուծման դէպքում<br /> ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկէտը յետաձգել մինչեւ 3 տարով ժամկէտով<br />


Առաջարկւում է որոշ ապրանքատեսակների ներմուծման դէպքում
ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկէտը յետաձգել մինչեւ 3 տարով ժամկէտով

  • 23-02-2009 23:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրուարի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարութեան հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում «Աւելացուած արժէքի հարկի մասին» գործող օրէնքում: Ըստ այդմ, առաջարկւում է ՀՀ կառավարութեան սահմանած կարգով ընտրուած ընկերութիւնների կողմից որոշ ապրանքատեսակների, մասնաւորապէս, սարքավորումների եւ հոսքագծերի, ներմուծման դէպքում մաքսային մարմիննների հաշուարկած ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկէտը յետաձգել մինչեւ 3 տարով այն դէպքում, եթէ ներմուծուած ապրանքների մաքսային արժէքը կամ ներդրումային փաթեթը կազմում կամ գերազանցում է 300 մլն դրամը (շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար ): Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի հիմնաւորմամբ, նախագիծը, որի արժէքը նախնական հաշուարկներով շուրջ 5 մլրդ դրամ է, դասւում է հակաճգնաժամային միջոցառումների շարքին: Այն նաեւ միտուած է Հայաստանում տեխնոլոգիական փոխակերպման եւ տնտեսութեան արդիականացման ապահովմանը, կապիտալ ներդրումների աւելացմանը: Նախատեսւում է, որ առաջարկուող արտօնութիւնը կգործի մինչեւ 2011թ.-ը: «Կարծում ենք, այն ծախսերը, որոնց մենք գնում ենք, երկար եւ միջին ժամկէտում շատ աւելի մեծ օգուտներ կստեղծեն»,- ասաց նախարարը: Ներկայումս գործող օրէնքով որոշակի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դէպքում, եթէ մաքսային արժէքը պակաս է 70 մլն դրամից, մաքսային մարմինների հաշուարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկէտը յետաձգւում է 1 տարով, իսկ 70 մլն դրամ եւ աւելիի դէպքում` 2 տարով: Մի շարք պատգամաւորների, այդ թւում Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վարդան Այվազեանի, հիմնական առարկութիւնները պայմանաւորուած էին ընկերութիւնների ընտրութեան հարցում հնարաւոր սուբյեկտիւ դրսեւորումների բացառմամբ: Եթէ մի մասը գտնում էր, որ անհրաժեշտ է յստակ սահմանել չափորոշիչները, ապա միւս մասը առաջարկում էր հաւասար դաշտ ստեղծել արտադրութեան զարգացման նպատակով ներդրումներ կատարող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար:
  -   Տնտեսութիւն