Առաջարկվում է որոշ ապրանքատեսակների ներմուծման դեպքում<br /> ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկետը հետաձգել մինչեւ 3 տարով ժամկետով<br />


Առաջարկվում է որոշ ապրանքատեսակների ներմուծման դեպքում
ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկետը հետաձգել մինչեւ 3 տարով ժամկետով

  • 23-02-2009 23:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրվարի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «Ավելացված արժեքի հարկի մասին» գործող օրենքում: Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված ընկերությունների կողմից որոշ ապրանքատեսակների, մասնավորապես, սարքավորումների եւ հոսքագծերի, ներմուծման դեպքում մաքսային մարմիննների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկետը հետաձգել մինչեւ 3 տարով այն դեպքում, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթը կազմում կամ գերազանցում է 300 մլն դրամը (շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար ): Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հիմնավորմամբ, նախագիծը, որի արժեքը նախնական հաշվարկներով շուրջ 5 մլրդ դրամ է, դասվում է հակաճգնաժամային միջոցառումների շարքին: Այն նաեւ միտված է Հայաստանում տեխնոլոգիական փոխակերպման եւ տնտեսության արդիականացման ապահովմանը, կապիտալ ներդրումների ավելացմանը: Նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի մինչեւ 2011թ.-ը: «Կարծում ենք, այն ծախսերը, որոնց մենք գնում ենք, երկար եւ միջին ժամկետում շատ ավելի մեծ օգուտներ կստեղծեն»,- ասաց նախարարը: Ներկայումս գործող օրենքով որոշակի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում, եթե մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից, մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է 1 տարով, իսկ 70 մլն դրամ եւ ավելիի դեպքում` 2 տարով: Մի շարք պատգամավորների, այդ թվում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, հիմնական առարկությունները պայմանավորված էին ընկերությունների ընտրության հարցում հնարավոր սուբյեկտիվ դրսեւորումների բացառմամբ: Եթե մի մասը գտնում էր, որ անհրաժեշտ է հստակ սահմանել չափորոշիչները, ապա մյուս մասը առաջարկում էր հավասար դաշտ ստեղծել արտադրության զարգացման նպատակով ներդրումներ կատարող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play