Երիտասարդների նախաձեռնութեամբ անցկացուեց «Իմ արիւնը քո արիւնն է» խորագրով արիւնատուութեան ակցիայ


Երիտասարդների նախաձեռնութեամբ անցկացուեց «Իմ արիւնը քո արիւնն է» խորագրով արիւնատուութեան ակցիայ

  • 14-04-2011 13:31:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ ապրիլի 14-ին Եօլեանի անուան Արիւնաբանական կենտրոնում կազմակերպել էին «Իմ արիւնը քո արիւնն է» խորագրով արիւնատուութեան ակցիայ: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնի, միջոցառման ընթացքում Խ. Աբովեանի անուան պետական Մանկավարժական համալսարանի 120 եւ աւելի ուսանողներ կատարեցին արիւնատուութիւն: Հայաստանը աշխարհի այն երկրների թւում է, որտեղ արիւնը հաւաքւում է ինչպէս անվարձահատոյց, այնպէս էլ վճարովի դոնորներից: Նմանատիպ ծրագրերի միջոցով հասարակութեան մէջ անհրաժեշտ է արմատաւորել այն գաղափարը, որ դոնորութիւնը մարդասիրական քայլ է, ինչի շնորհիւ հնարաւորութիւն է ընձեռնւում փրկել հազարաւոր մարդկանց կեանքեր: Այն նաեւ առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերից մէկն է եւ դրական ազդեցութիւն է թողնում դոնորի առողջութեան վրայ: Կամաւոր դոնորների թուի աճին հնարաւոր է հասնել միայն հասարակութեան լայն, յատկապէս երիտասարդների շրջանում հետեւողական քարոզչական աշխատանքների իրականացման դէպքում: Անհրաժեշտ է, որպէսզի միշտ ուշադրութեան կենտրոնում լինեն երիտասարդ դոնորները, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ` յանձնելով արիւն եւ կոչ անելով երիտասարդութեանը դառնալ արեան դոնոր: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած ակցիան ուղղուած էր հէնց այս նպատակի իրագործմանը:
  -   Հասարակութիւն