ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 13-09-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արուեստների պատկերասրահ» մշակոյթային հիմնադրամի նախաձեռնութեամբ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը Երեւանում կանցկացուի «Վերադարձ» խորագրով դասական երաժշտութեան երկրորդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում հանդէս կգան աշխարհահռչակ ջութակահար, Բելգիայի Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցոյթի ոսկէ մեդալակիր Սերգեյ Խաչատրեանը (Գերմանիա), ջութակահար Վլադիմիր Խաչատրեանը (Գերմանիա), դաշնակահար Ստիվեն Պրուտսմանը, թավջութակահար Սուրէն Բագրատունին (ԱՄՆ), Հայաստանի պետական կամերային նուագախումբը եւ ուրիշներ: Ինչպէս սեպտեմբերի 13-ի ասուլիսում յայտնեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինեանը, փառատոնի նպատակն է արուեստասէր հայ հասարակութեանը ներկայացնել արտերկրում ստեղծագործող եւ արդէն մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտներին: «Մենք հպարտանում ենք այդ երաժիշտներով եւ միաժամանակ երազում, որպէսզի նրանց ունկնդրեն հայրենիքում»,- նշեց Մ.Շահինեանը: Ըստ նրա, փառատոնը հետապնդում է նաեւ մէկ այլ նպատակ` հայրենիք վերադարձնել հայ երաժիշտներին եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպէսզի նրանք ստեղծագործեն ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոեանի խօսքերով, արդէն հեղինակութիւն եւ համընդհանուր ճանաչում ձեռք բերած «Վերադարձ» փառատոնը դառնում է աւանդական: Եվ ուրախալի փաստ է, որ արտերկրում ստեղծագործող երաժիշտները ցանկութիւն են յայտնում իրենց արուեստը ներկայացնել նաեւ հայրենիքում: Ս.Խաչատրեանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ Հայաստանում համերգներով հանդէս գալը իր համար մեծ պատիւ է, եւ ինքը երազում է մի քանի տարի յետոյ վերադառնալ հայրենիք եւ դասաւանդել Երեւանի Կոմիտասի անուան կոնսերվատորիայում:
  -   Մշակոյթ