ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ<br /> ՏՈՒՐԻԶՄԻ ԿԵՆՏՐՈՆ <br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ
ՏՈՒՐԻԶՄԻ ԿԵՆՏՐՈՆ

  • 18-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ընդհանուր մրցունակութեան եւ տարածքների համաչափ զարգացման համատեքստում Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առաջնահերթություններին էր նուիրուած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի մասնակցութեամբ յունիսի 18-ին Ջերմուկի քաղաքապետարանում հրաւիրուած խորհրդակցութիւնը: Մասնաւորապէս, խօսքը գնում է Ջերմուկում առողջարանային տուրիզմը զարգացնելու երկարաժամկէտ ծրագրի մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը ներկայացրել է քաղաքի երկարաժամկէտ զարգացման հնարաւոր մօտեցումները եւ դրանց հասնելու ընթացակարգերը: Ըստ նրա, կառավարութիւնից կպահանջուի 5-7 տարուայ աշխատանք, որից յետոյ ակնկալւում է, որ քաղաքի զարգացման գործը կընթանա մասնաւոր ներդրողների միջոցներով: Ինչպէս նշեց նախարարը լրագրողների հետ զրոյցում, Ջերմուկը բոլոր բնական պայմանները ունի յաւակնելու առողջարանային տուրիզմի կենտրոնի դերի: «Եթէ մենք կարողանանք ինտեգրուել առողջարանային տուրիզմի միջաչգային ցանցի մէջ եւ ներդրողներին կարողանանք բերել այստեղ եւ ծանօթացնել հնարաւորութիւններին, հնարաւոր է շատ լուրջ տնտեսութիւն կառուցել այս տարածաշրջանի համար, բիզնես կենտրոն կառուցել»,- ասաց նա: Ներկայումս Ջերմուկ տարեկան 5000 զբօսաշրջիկ է այցելում, իսկ խորհրդային տարիներին զբոսաշրջիկների թիւը հասել 29 հազարի` այդ թիւը Հայաստանի իշխանութիւնները նպատակ են դրել վերականգնել: Որպէս կարեւոր խնդիրներ Ն.Երիցյանը նշեց Երեւանի հետ ճանապարհը կարճացնելու, բնապահպանական պահանջներին համապատասխան տեղական ենթակառուցվածքները բարելաւելու անհրաժեշտութիւնը: Նախագահ Սարգսեանը Ջերմուկում մասնակցեց նոր կառուցւող հիւրանոցի հիմնարկեքի արարողութեանը, այցելեց կառուցւող ճոպանուղու առաջին կանգառ:
  -   Տնտեսութիւն