ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ<br /> ՏՈՒՐԻԶՄԻ ԿԵՆՏՐՈՆ <br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ
ՏՈՒՐԻԶՄԻ ԿԵՆՏՐՈՆ

  • 18-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ընդհանուր մրցունակության եւ տարածքների համաչափ զարգացման համատեքստում Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առաջնահերթություններին էր նվիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հունիսի 18-ին Ջերմուկի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությունը: Մասնավորապես, խոսքը գնում է Ջերմուկում առողջարանային տուրիզմը զարգացնելու երկարաժամկետ ծրագրի մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է քաղաքի երկարաժամկետ զարգացման հնարավոր մոտեցումները եւ դրանց հասնելու ընթացակարգերը: Ըստ նրա, կառավարությունից կպահանջվի 5-7 տարվա աշխատանք, որից հետո ակնկալվում է, որ քաղաքի զարգացման գործը կընթանա մասնավոր ներդրողների միջոցներով: Ինչպես նշեց նախարարը լրագրողների հետ զրույցում, Ջերմուկը բոլոր բնական պայմանները ունի հավակնելու առողջարանային տուրիզմի կենտրոնի դերի: «Եթե մենք կարողանանք ինտեգրվել առողջարանային տուրիզմի միջաչգային ցանցի մեջ եւ ներդրողներին կարողանանք բերել այստեղ եւ ծանոթացնել հնարավորություններին, հնարավոր է շատ լուրջ տնտեսություն կառուցել այս տարածաշրջանի համար, բիզնես կենտրոն կառուցել»,- ասաց նա: Ներկայումս Ջերմուկ տարեկան 5000 զբոսաշրջիկ է այցելում, իսկ խորհրդային տարիներին զբոսաշրջիկների թիվը հասել 29 հազարի` այդ թիվը Հայաստանի իշխանությունները նպատակ են դրել վերականգնել: Որպես կարեւոր խնդիրներ Ն.Երիցյանը նշեց Երեւանի հետ ճանապարհը կարճացնելու, բնապահպանական պահանջներին համապատասխան տեղական ենթակառուցվածքները բարելավելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը Ջերմուկում մասնակցեց նոր կառուցվող հյուրանոցի հիմնարկեքի արարողությանը, այցելեց կառուցվող ճոպանուղու առաջին կանգառ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն