ԵՊՀ-ում անցկացուեց կլոր սեղան «Արեւմտահայերենի վաղուայ օրը»<br /> թեմայով<br />


ԵՊՀ-ում անցկացուեց կլոր սեղան «Արեւմտահայերենի վաղուայ օրը»
թեմայով

  • 17-03-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի պետական համալսարանի եւ «Հայկական Սփիռք» կենտրոնի նախաձեռնութեամբ մարտի 17-ին ԵՊՀ-ում հրաւիրուել էր «Արեւմտահայերենի վաղուայ օրը» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր ակադեմիկոս Արամ Սիմոնեանը, ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը, հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արծրուն Աւագեանը, ժամանակակից հայոց լեզուի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Իւրա Աւետիսեանը, դասախօսներ, հիւրեր, ուսանողներ: Բացման խօսքում ռեկտոր Արամ Սիմոնեանը կարեւորեց քննարկվող հարցի արդիականութիւնը եւ պատրաստակամութիւն յայտնեց օժանդակելու ամէն մի ձեռնարկման, որը կնպաստի հայապահպանությանն ու լեզվապահպանությանը: ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը, մասնաւորապէս նշեց, որ Սփիւռքում ապրող հայութեան մի ստուար զանգված այսօր հանդիսանում է արեւմտահայերեն լեզուի եւ արեւմտահայերեն մտածողութեան կրող եւ նրա հայապահպանութեան, հայեցի դաստիարակութեան համար պիտի ջանքեր չխնայել եւ զանազան միջոցներով նպաստել արեւմտահայերենի դասաւանդմանը Սփիւռքի դպրոցներում: «Արեւմտահայերենով ստեղծւող գրականութիւնը պիտի կարողանալ պահել իր շարունակական ընթացքի, ինչու չէ, նաեւ կատարելագործման եւ զարգացման մէջ»,- նշեց նախարարի տեղակալը: Ստեփան Պետրոսեանը ներկաներին տեղեկացրեց այս հարցի շուրջ ՀՀ սփիւռքի նախարարութեան այս տարուայ մի քանի նախաձեռնութիւնների մասին: Նախարարութեան աջակցութեամբ եւ պատուէրով ստեղծուել է արեւմտահայերենից-արեւելահայերեն եւ հակառակը փոխարկիչ համակարգչային ծրագիր, որը հասանելի է բոլորին եւ միաժամանակ կատարելագործվում է: Առաջիկայում կազմակերպուելու է համահայկական գիտաժողով, որը նուիրուած է լինելու հենց արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակին եւ հիմնախնդիրներին, արեւմտահայերենի միասնական դասագրքերի ստեղծման խնդրին: Նախարարութեան կողմից մշակtyել է յոբելեանական միջոցառումների շարք, եւ այս տարի նշուելու է սփիւռքահայ գրողներ Ռուբէն Սեւակի, Կոստան Զարյանի եւ Յակոբ Օշականի յոբելեանները: Թեմայի վերաբերեալ ելոյթ ունեցան նաեւ կլոր սեղանի այլ մասնակիցներ, դասխոսներ եւ ուսանողներ:
  -   Հասարակութիւն